ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը հարցաքննվեց որպես տուժող
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Ղուկասյանի գործով այսօր ցուցմունք տվեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Մկրտչյանը՝ որպես տուժող: Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար:
Վահրամ Մկրտչյանը դատարանում ասաց, որ Արտակ Ղուկասյանին ճանաչում է 2001թ., աշխատել են նույն գերատեսչությունում՝ պետական գույքի կառավարման նախարարությունում: Նա պատմեց, որ 2005թ. Արտակն իրեն առաջարկել է զբաղվել բիզնեսով՝ տարադրամի փոխանակման կետեր բացելով: «Ես համաձայնեցի: Պայմանն այսպես է եղել՝ ներդրումները ես եմ կատարում, իսկ շահաբաժինը 50-50 բաժնեմասով կիսվում ենք իրար հետ»,- ասաց Վ. Մկրտչյանը՝ նշելով, որ 2005թ. մինչև 2006 կամ 2007թ. բացել են տարադրամի 4 փոխանակման կետ, հետագայում՝ երկու փոխանակման կետ վարձակալությամբ են վերցրել.
«Այդ վեց տարադրամի փոխանակման կետերում իմ կողմից կատարվել է 40 հազար դոլարի ներդրում»:
Ըստ տուժողի՝ 2008թ. ամբաստանյալը զբաղվել է գրավատնային գործունեությամբ՝ նշելով, որ դա շահութաբեր գործ է, առաջարկել է միասին գրավատուն բացել. «Ես համաձայնեցի: Պայմանները այսպես քննարկումով որոշեցինք, որ նույնը պետք է լինեն: Էլի ներդրումները ես պետք է ապահովեմ, ինքը պետք է ղեկավարի փաստացի բիզնեսը և շահաբաժինները 50-50 մասով պետք է բաժանենք իրար մեջ: Ես առաջարկեցի, որ իմ անունով բացվի այդ գրավատունը, կոչվեց «Ֆինանսական շտապօգնություն» և ևս մեկ գրավատուն բացվեց արդեն հիմնադիրը ինքն էր կամ մայրն էր (հետագայում պարզվեց, որ այնտեղ նաև ուրիշ հիմնադիր կար): Եվ այս երկու գրավատներում տարբեր ժամանակահատվածներում ես ներդրեցի մոտավորապես 80 մլն դրամ»:
Այս գրավատունն էլ, ըստ Վահրամ Մկրտչյանի, անվանվել է «Մինի կրեդիտ»: Ըստ նրա՝ գրավադրել են իր ընկերոջ ճամբարը, իր բնակարանը և վարկ ստացել: Վահրամ Մկրտչյանն ասաց, որ ամբաստանյալի գործունեությունը կասկածի տեղիք չի տվել: «Շատ վստահել եմ իրեն»,- ասաց նա:
Ըստ տուժողի ՝մինչև 2011թ. ձմեռը «երբևէ չի կասկածել» նրան. «2011թ. ինքն արդեն խուսափողական դիրք էր բռնում, բայց ես այդ ժամանակ գլխի չէի ընկնում, որ դա խուսափողական դիրք է: Դժվար էր լինում հանդիպելը իրեն: Որպեսզի հանդիպեմ և բիզնեսի վերաբերյալ հարցեր քննարկեմ, ես անձամբ իրենց տուն էի հաճախում, բավականին ուշ՝ մինչև 1-ը, 2-ը սպասում էի իրենց տանը, հայրիկի՝ Էդիկ Ղուկասյանի հետ քննարկում էինք տարբեր հարցեր, մինչև Արտակը գալիս էր: Այպես շարունակվեց մինչև 2011թ. դեկտեմբերը, և ես պահանջ դրեցի, ասացի՝ Արտակ, պետք է մի հատ ստուգեմ, քո գործունեությունն ինձ համար թափանցիկ չէ, պետք է ստուգեմ, թե ինչ է տեղի ունենում գրավատներում»:
Ըստ Վ. Մկրտչյանի՝ 2012թ. հունվար ամսին գնացել է «Ֆինանսական շտապօգնություն» և ստուգել պահոցի պարունակությունն ու համապատասխանությունը իր ներդրումների հետ. «Այդ ժամանակ մենք ստուգեցինք մեխանիկորեն, քանի պայմանագիր է կնքված և քանի տոպրակ կա գրավ: Դրանք համապատսխանում էին: Թերևս մի քանի փոքրիկ տոպրակներ կային, որոնց մեջ մեծ գումարներ՝ 3 մլն, 4 մլն դրամի վարկ էր տրամադրված, որոնք ինձ կասկածի տեղիք տվեցին: Արտակն էլ, Լիլիթն էլ հավաստիացրեցին, որ այո, այստեղ որոշ պակաս բաներ կան, բայց դրանք իրենց ծանոթներինն են, և իրենք պատասխանատվություն կրում են: Սա ևս մեկ անգամ ինձ մտահոգության տեղիք տվեց, որ ես պետք է նաև մյուս գրավատունը ստուգեմ: Հաջորդն օրն անմիջապես պայմանավորվեցինք, որ գնամ ստուգելու»:
Ըստ տուժողի՝ ստուգումն արել է 14 օր հետո. «Գնացի այնտեղ, այնտեղ էլ նույնն էր, էլի քանակական եմ ստուգել, որովհետև այդ պարունակությունները կնքված և ստորագրված էին հաճախորդների կողմից և չէիր կարող բացել, որ տեսնել՝ մեջն ինչ է:
Պայմանավորվեցինք Արտակի յհետ, որ պետք է մներմալ լինի, սարնից հետո ձգձգումներ չլինեն, իմ զանգերին պետք է պատասխանի»: Ըստ Վահրամ Մկրտչյանի՝ ամբաստանյալը փետրվար ամսին նույն «վարքագիծն է դրսևորել». «Ես պահանջ դրեցի, ասացի՝ ունենք 2 գրավատուն, 6 տարադրամի փոխանակման կետ, 3-ը ինձ թող լինի, 3-ը՝ ձեզ, և գրավատներից մեկական ամեն մեկիս, կամ իմ ներդրած գումարները վերադարձնում ես, ու բիզնեսները քեզ են մնում: Ինքը հետո ասաց՝ բա ես ոնց աշխատեմ, ես գումար չունեմ: Ես ասացի՝ երբ դու պատրաստակամ կլինես տարբերակն ընտրելու, այդ ժամանակ կպայմանավորվենք: Ինքը խոստացավ, որ ապրիլի վերջին իմ գումարը կտա ամբողջական»:
Մարտ-ապրիլ ամիսներին, Վ. Մրտչյանի խոսքով, իր կողմից ստուգումներ չեն եղել, և ինքը սպասել է իր գումնարները վերադարձնելուն: Ապա փորձել է կապ հաստատել Արտակ Ղուկասյանի հետ, չի կարողացել, նրան հաղորդագրություն է ուղարկել, որ «Մինի կրեդիտի» դրամարկղի պարունակությունը պետք է վերցնի, սակայն ամբաստանյալն այդ հաղորդագրությանը ևս չի պատասխանել:
Ըստ նրա՝ ինքը «տիրոջ իրավունքով» մտել է գրավատուն, սակայն մի անձ ներկայացել է որպես գրավատան նոր սեփականատեր՝ հայտնելով, որ Արտակն իրեն է վաճառել գրավատունը, ինքը տեսել է առքուվաճառքի պայմանագիրը: Նրա խոսքով՝ ինքն այցելել է նաև տարադրամի փոխանակման կետեր և պարզել, որ գումար չկա, այնուհետև այցելել է Ա. Ղուկասյանի աշխատանքի վայր՝ Պետական եկամուտների կոմիտե.
«Պարզվեց նաև, որ ինքը նաև իր աշխատակիցներին է գումաներ պարտք»:
Ըստ տուժողի՝ զրույցի ընթացքում ամբաստանյալն ասել է, որ չի վաճառել գրավատունը, իսկ երբ միասին գնացել են «Ֆինանսական շտապօգնություն», պարզել են, որ գրավատան պահոցը դատարկ է. «Արտակն ասաց՝ խնդիր չկա, պետք չէ անհանգստանալ, ես այդ ոսկիները տարել եմ բանկի բունկերում՝ պահոցում եմ պահում, որովհետև այնտեղ ավելի ապահով է»:
Դատարանում տուժող ճանաչված պատգամավորը պատմեց, որ մի խումբ անձանց հետ գնացել են Եղվարդ, որտեղ ինքն ու Արտակը քննարկումներ են ունեցել, ապա՝ իմանալով, որ ամբաստանյալի մոտ մարդիկ կան հավաքված, գնացել են այնտեղ, որտեղ զրույցի ընթացքում Եղվարդից զանգահարել է ամբաստանյալը, որը հորը ցուցում է տվել բերել փոքր սեյֆը, որում եղել է ոսկեղենը:
«Ասաց՝ սա վերցրեք, սա է մեր եղած ոսկեղենը»,- նշեց տուժողը՝ հավելելով, որ իրենք ցուցակագրել են դրանք, ապա լացակումած սենյակ է մտել ամբաստանյալի մայրը իր ոսկիներով. «Որ պնդեցին, ես ասացի լավ՝ կվերցնեմ: Սա իմ մոտ կմնա: Այս ոսկեղենի պատասխանատուն ես եմ»:
Հաջորդ օրն, ըստ տուժողի, իրենք ամբաստանյալին և նրա հաշվապահին հանդիպել են ՀԺԱՄ կուսակցությունում, ապա մի անձից 21 հազար դոլար է վերցրել, ում մոտ, ըստ ամբաստանյալի, եղել են նրա գումարները:
Տուժող պատգամավորն ասաց, որ հետասգայում փորձել է առողջացնել «Ֆինանսկան շտապօգնությունը», սակայն հասկացել է, որ դա անհնար է: «Ես Արտակին ասացի՝ Արտակ, 100 տոկոսը վերադարձնում եմ քեզ: Ասացի՝ դու ինքդ վերցրու այս գրավատունը քեզ ու ինքդ փորձիր լրացուցիչ միջոցներ ներդնել և առողջացնել բիզնեսը, որ շահույթ ստանաս՝ պարտքերը փակես: Այսինքն՝ ոչ թե ինչպես շատ հաճախ ականջիս հասնում էր, թե ինչ-որ մեկը բան խլեց, այլ ընդհակառակը՝ իրեն տվեց Վահրամ Մկրտչյանը, մասնավորապես՝ Թումանյան 12 հասցեում գտնվող գրավատունը, որտեղ եթե գումար դրվեր, դա շահութաբեր բիզնես էր: Հետագա ամիսների ընթացքում Արտակին վերադարձրեցինք նաև 2 տարադրամի փոխանակման կետ»,- պատմեց գործով տուժողը, ում խոսքով՝ օգոստոս ամսից հետո այլևս չեն կարողացել Արտակին «ֆիզիկապես տեսնել»:
Տուժողին հարցաքննելու ընթացքում ամբաստանյալ Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանն ասաց, որ աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը չի կարող շարունակվել` հրաժարվելով հարցեր ուղղել տուժողին: Ամբաստանյալը ևս հրաժարվեց հարցեր տալ տուժողին` համամիտ լինելով փաստաբանի հետ: Դատարանն էլ նշեց, որ տուժողի հարցաքննությունն ավարտված է: Դատական նիստի ավարտից հետո Հակոբ Ճարոյանն ասաց, որ աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին, բոլոր նիստերը, բացառությամբ անհետաձգելի դատական նիստերի (ինչպիսիք են օրինակ խափանման միջոց կալանքի, խուզարկության միջնորդությունների քննարկումը), պետք է ավարտված համարվեն և հետաձգվեն: Փաստաբանն ասաց, որ հրաժարվել է հարցեր տալ տուժողին, որպեսզի հետագայում առիթ չտա վիճարկելու նրա հարցաննության օրինականությունը: Նա նաև հայտնեց, որ ինչպես ինքը, այնպես էլ իր պաշտպանյալն ունեն բազմաթիվ հարցեր, որոնցով պետք է պարզվի իրականությունը, և որ ինքը հույս ունի` դատավորը կթույլատրի շարունակել տուժող ճանաչված պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցաքննությունը: «Եթե նա գտնում է, որ դատարանում հայտնել է ճշմարտությունը և ինքն իրականում պետք է գտնվի տուժողի և ոչ թե հանցագործի կարգավիճակում, պետք է շահագրգիռ լինի և նպաստի ճշմարտության բացահայտմանը»,- եզրափակեց փաստաբանը: