
Թուրքիան հանդես է եկել Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան հանդես է եկել Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպման արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
Վերջինիս խոսքերով` Զեյբեքչին հանդես է եկել Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակցության օգտին. «Մենք քննարկել ենք հնարավոր համագործակցության ձևերը, այդ թվում նաև Մաքսային միության ու Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը:
Պայմանավորվել ենք ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ և սեպտեմբերին սկսել այդ հնարավորությունների ու հեռանկարների մանրակրկիտ քննարկումը (թուրքական Taraf թերթը սրանից առաջ հայտնել էր, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու է սեպտեմբերին – 168.am)»:
Ուլյուկաևն ու Զեյբեքչին հանդիպել են Սիդնեյում` G-20-ի գագաթաժողովում: Թուրքիան ներկայումս ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Թուրքիան ՌԴ-ին առաջարկել էր առևտուր անելիս անցում կատարել ազգային արժույթներին: