Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է առևտուր անելիս անցում կատարել ազգային արժույթներին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան Ռուսաստանին առաջարկում է արտաքին առևտրի փոխադարձ ժամանակներում օգտագործել ազգային արժույթներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունը:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն Ավստրալիայում G-20-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ:
Հանդիպման արդյունքներով Ուլյուկաևը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին առաջարկում է փոխադարձ վճարումներ կատարելիս անցում կատարել ազգային արժույթների:
2013 թվականին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 32.7 միլիարդ դոլար: Ռուսաստանը Թուրքիայի արտաքին առևտրային գործընկերների թվում զբաղեցրել է 2-րդ տեղը` զիջելով միայն ԵՄ-ին, իսկ Թուրքիան Ռուսաստանի արտաքին առևտրային գործընկերների թվում զբաղեցրել է 8-րդ տեղը:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են միմյանց միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի: