Ինչո՞վ էր «բացառիկ» Արթուր Բաղդասարյանի ելույթը
«Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ) մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը Ազատության հրապարակում երեկ կայացած հանրահավաքից առաջ հայտարարել էր, թե ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը «լինելու է բացառիկ Հայաստանի քաղաքական պատմության մեջ»: 168.am-ը հետաքրքրվեց Արթուր Միսակյանից` ի վերջո, ինչո՞վ էր բացառիկ այդ ելույթը, ինչո՞վ էր այն արտառոց:
Ի պատասխան` ՕԵԿ մամուլի խոսնակը նշեց. «Ցանկացած մարդ, ով լսել է ելույթը, ով որոշակի իմաստով մի փոքր գրագիտություն ունի և նաև ունի նվազագույն ինֆորմացիա` երկրի քաղաքական անցուդարձին, տնտեսական և սոցիալական խնդիրներին, մասնավորապես` էլեկտրաէներգիայի, գազի և մնացած ապրանքատեսակների թանկացումների հետ կապված, և ունակ է այն վերլուծելու, ուրեմն կհասկանա, որ ելույթը բացառիկ էր նրանով, որ տրվեցին բոլոր խնդիրների հստակ գնահատականները, նախանշվեցին այդ խնդիրները լուծելու կոնկրետ ուղղությունները, միջոցներն ու եղանակները, ինչպես նաև լայն անդրադարձ եղավ մի ամբողջ անկախության ժամանակաշրջանի քաղաքական գործընթացներին:
Բացի այդ` պարոն Բաղդասարյանը շատ հստակ ուրվագծեց քաղաքական այն իրողությունները, մեսսիջները, որոնք այսօր կան, և նաև առաջին անգամ բարձր հրապարակից կոչ արեց վերջ տալ մեկը մյուսին փնովելու, սևացնելու, մեկը մյուսին քարկոծելու հաշվին էժան միավոր հավաքելու գործելաոճին, որը Հայաստանի պատմության մեջ մշտապես ուղեկցել է քաղաքական ուժերին: Այսինքն, «բացառիկ» ասվածը գլոբալ է, որտեղ կան կոնկրետ խնդիրներ, խնդիրները լուծելու մեխանիզմներ:
Եթե հիշում եք, ելույթի վերջում կուսակցության կողմից նշվեցին շուրջ տասը կետանոց քայլեր, թե կոնկրետ ինչ է պատրաստվում անել կուսակցությունը, ոչ թե` «գնանք, մյուս անգամ հավաքվենք, ժամանակ տանք», ոչ, հստակ, կոնկրետ առաջարկներ և գործողություններ, որոնք միտված են լինելու էլեկտրաէներգիայի խնդրի կարգավորմանը»: