Բաժիններ՝

Արամ Շահբազյան. «Կորիզն» արդեն շատ լուրջ արդյունքներ սկսեց ունենալ

«Անցած տարիների համեմատ` «Կորիզի» հանդիսատեսի թիվը բավական մեծացել է՝ հիմա և՛ առավոտյան ժամերին են շատ նայում, և՛ երեկոյան, այսինքն՝ «կորիզը» իր հաստատուն տեղը սկսել է ունենալ այս չորս տարիների ընթացքում»,- ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի՝ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավար, կինոռեժիսոր Արամ Շահբազյան:

Նա նշեց, որ այս տարի շատ մեծ դժվարությամբ են ֆիլմերն ընտրվել. «Այս տարի շատ հետաքրքիր բան է եղել՝ կապված հայկական ֆիլմերի հետ, որովհետև բոլոր տարիներին մենք շատ դժվարությամբ էինք հայկական ֆիլմ (1 ֆիլմ էր ընդգրկվում «Կորիզի» մեջ, եղան տարիներ, որ շատ վերապահումով էին այդ 1-ն էլ դնում), բայց այս տարի շատ են: Համարձակորեն 2 հայկական ֆիլմ ենք ընդգրկել՝ առանց որևէ վերապահումների և եթե անցյալ տարիների չափանիշներով նայենք՝ 10 ֆիլմ կարող էինք ընդգրկել: Դա վկայում է հենց այն արդյունքը, որը «Կորիզը» բերեց: Այսինքն՝ այն երիտասարդությունը, որը հավակնություն ունի ֆիլմ նկարելու, սկսեց այս փառատոնի օրերին ծանոթանալ իր սերնդակիցների հետ (կարճամետրաժ ֆիլմերը հիմնականում նկարում են ավելի երիտասարդ ռեժիսորները) և հասկանալ՝ այսօր աշխարհում ինչ մտածողություն կա: Ես համարում եմ, որ «Կորիզն» արդեն շատ լուրջ արդյունքներ սկսեց ունենալ: Ես հետևում եմ նույնիսկ ինստիտուտի կուրսային աշխատանքներին և արդյունքն ակնհայտորեն սկսել եմ տեսնել: Մեր երիտասարդների մոտ սկսել է շատ հետաքրքիր մտածողություն ի հայտ գալ»:

Նշենք, որ այս տարի «Կորիզում» ընդգրկված 2 հայկական ֆիլմերից մեկը Նիկոլայ Հովհաննիսյանի «Ստվեր» ֆիլմն է, իսկ մյուսը՝ Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհը»:

Լեհաստանից ժամանած Մաչեյ Մարչևսկիի (Maciej Marczewski) «Խաղեր» (Games) ֆիլմը նույնպես ընդգրկված է «Կորիզում»: Ֆիլմի տևողությունը 20 րոպե է, այն պատմում է մի զույգի մասին, որը կես ժամ մնում է կանգնած վերելակում. «Նրանք սկսում են իրավիճակներ պատկերացնել ու այս ռոմանտիկ ու կատակային իրավիճակներից աստիճանաբար ֆիլմը գնում է ավելի ծանր իրավիճակների, երբ նրանք սկսում են պատկերացնել, թե ինչպիսին կլիներ նրանց կյանքը, եթե իրենք զույգ լինեին իրականում: Ֆիլմը հարաբերությունների մասին է, և թե ինչքան բարդ է ամեն ինչ, և ինչ հեշտությամբ մենք կարող ենք ինչ-որ լավ բանը վերածել վատ բանի և ոչնչացնել այն»,- ասաց ռեժիսորը:

Կարդացեք նաև

Ռուս ռեժիսոր Վլադիմիր Խարչենկոյի (Vladimir Kharchenko-Kulikovsky) և պրոդյուսեր Դիանա Շալաշնայայի «Նախանձ» («Jealousy») ֆիլմը, որը նույնպես ընդգրկված է «Կորիզում», 22 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ է. «Դեպքերը տեղի են ունենում հիվանդանոցում՝ մեկ սենյակում: Ֆիլմը պատմում է 2 հիվանդ մարդկանց մասին, որոնք հիվանդանոցում են և իրենց միջև նախանձ է առաջանում»,- նշեց Դ. Շալաշնայան:

Ֆիլմի սցենարը պրոդյուսերին հիշեցնում է Օ. Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը. «Ես կարծում եմ այս թեմաները հավերժական են, իսկ թե ինչո՞ւ ծեր մարդիկ, որովհետև ցանկանում էինք ցույց տալ ապրելու ցանկությունը, նրանք ապրում են հիվանդանոցի մեկ սենյակում և չունեն ոչինչ, բացի ապրելու ցանկությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս