«Ակնհայտ կամայականություն». փաստաբանը բողոքարկել է Հայկ Կյուրեղյանի տեսակցությունների վրա դրված արգելանքի որոշումը
Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ դատարանի մոտակայքում հնչած կրակոցների գործով կալանավորված Հայկ Կյուրեղյանի մասնակցությամբ գործողություններ չեն կատարվել՝ բացի նրան մեղադրանք առաջադրելուց: Ինչպես փոխանցեց խուլիգանության մեջ մեղադրվող երիտասարդի պաշտպան Արա Զաքարյանը, Հ. Կյուրեղյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալ: Փաստաբանի խոսքով՝ գործով որպես տուժող ներգրավված անձինք հարցաքննվել են:
Արա Զաքարյանը տեղեկացրեց նաև, որ դատախազին բողոքարկել է Հայկ Կյուրեղյանի տեսակցությունների վրա արգելանք դնելու մասին որոշումը: Փաստաբանն ասաց, որ ըստ էության, «որևէ հիմնավորում չկա, քննիչի հայեցողությամբ, ըստ էության, դրվել է սահմանափակում, ինչը ես համարում եմ ակնհայտ կամայականություն»: Արա Զաքարյանն ասաց , որ վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորման որոշման դեմ բողոքը. այն պատրաստվում է բողոքարկել վճռաբեկ դատարան: