Ադրբեջանը ՀԱՀ-ից կստանա ևս 30 զրահապատ մեքենա
Ադրբեջանական Virtualaz.org կայքի փոխանցմամբ՝ ՀԱՀ-ի Paramountt Group ընկերությունն Ադրբեջանի պատվիրած 60 զրահապատ մեքենաներից հետո սկսել է 30 մեքենայի մատակարարումը: Սրանից առաջ Paramountt Group-ն ավարտել էր Ադրբեջանին 30 զրահապատ մեքենայի մատակարարումները:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը 2012 թվականին Paramountt Group-ին պատվիրել էր 30 հատ Marauder և 30 հատ էլ Matador հակաականային մեքենաներ: Դրանից առաջ՝ 2009 թվականին, կողմերը պայմանավորվել էին Բաքվում ստեղծել համատեղ ձեռնարկություն և համատեղ արտադրել 15 հատ Marauder և 15 հատ Matador:
Marauder-ն ունակ է տեղափոխել մոտ 10 (2+8) մարդ, իսկ Matador-ը՝ 14 (12+2) մարդ: Դրանք ունակ են դիմանալ 21 կիլոգրամ տրոտիլի պայթյունին, իրենց անձնակազմերն ունակ են պաշտպանել 7.62 միլիմետր տրամաչափի փամփուշտներից: Մեքենաները զինված են 14.5 և 12.7 միլիմետր տրամաչափի գնդացիրներով և կարող են առավելագույնը զարգացնել մինչև 100 կմ/ժամ արագություն: