
Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը կսկսի գործել սեպտեմբերից. Փանջիկիձե

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Վրաստանը վաղը վավերացնելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որի ժամանակավոր օգտագործումը հնարավոր կդառնա ընթացիկ տարվա սեպտեմբերից:
Վաղը տեղի է ունենալու Վրաստանի խորհրդարանի արտահերթ լիագումար նիստը, որում պլանավորված է վավերացնել ԵՄ-ի ու Վրաստանի միջև հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված Ասոցացման համաձայնագիրը: Դրա հետ կապված՝ Փանջիկիձեն հայտարարել է.
«Ասոցացման ժամանակավոր օգտագործումը հնարավոր կլինի սեպտեմբերի 1-ից: Ուժի մեջ կմտնի ասոցացման 80 տոկոսը և դա առաջին հերթին վերաբերվում է խորը և համապարփակ ազառ առևտրի տիրույթի հարցերի համաձայնեցմանը»:
Փանջիկիձեն հավելել է, որ երկուշաբթի մեկնելու է Բրյուսել, ուր նախարարների մակարդակով տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» խորհրդաժողովը, որին ներկա են գտնվելու նաև ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարները, և որում նա ներկայացնելու է վավերացման մասին փաստաթուղթը: