«ՕԵԿ-ն այն քաղաքական ուժն է, որին մենք ամենաքիչն ենք վստահում». Դավիթ Մանուկյան

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս հրավիրված ասուլիսում, խոսելով հուլիսի 18-ին ՕԵԿ-ի կողմից կազմակերպվող հանրահավաքին, հայտարարեց, որ այն կուսակցական չէ և բաց է բոլոր կուսակցությունների և քաղաքացիական նախաձեռնությունների համար, քանի որ հանրահավաքում բարձրացվելու են հասարակության տարբեր շերտերին և խավերին հուզող խնդիրներ: Քանի որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այդ նույն ասուլիսում հայտարարեց, որ ՕԵԿ-ն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել օրենքի մի նախագիծ, որով առաջարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, մենք փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է արձագանքելու Արթուր Բաղդասարյանի կոչին «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ձևավորվել է կուտակային կենսաթոշակային համակարգից պարտադիր բաղադրիչը հանելու օգտին: Այս խնդրի շուրջ մենք զրուցեցինք «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներից Դավիթ Մանուկյանի հետ:

 

– «Դ!եմ եմ»-ն ՕԵԿ-ին դիտարկո՞ւմ է` որպես դաշնակից կուսակցություն, և արդյոք ձեր քաղաքացիական նախաձեռնության անդամներն արձագանքելով ՕԵԿ նախագահի կոչին՝ մասնակցելո՞ւ են հանրահավաքին:
– «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունում այս հարցն ընդհանրապես չի քննարկվել և որևէ որոշում չի կայացվել մասնակցության վերաբերյալ: Սա նշանակում է, որ նախաձեռնությունը չի մասնակցելու հանրահավաքին, բայց նախաձեռնության առանձին անդամներ, որպես անհատ քաղաքացիներ, ազատ են որոշում կայացնելու:
– Անձամբ դու մասնակցելո՞ւ ես հանրահավաքին, և քո կարծիքով` «Դ!եմ եմ»-ի անդամներից քանի՞սը կարող են ընդունել Արթուր Բաղդասարյանի հրավերը և մասնակցել հանրահավաքին:
– Անձամբ ես չեմ մասնակցելու, և իմ բոլոր մտերիմներն ու ծանոթները ևս չեն մասնակցելու: Դրա պատճառն այն է, որ ՕԵԿ-ն այն քաղաքական ուժն է, որին ամենաքիչն ենք վստահում: Իսկ եթե մի քաղաքական ուժի նկատմամբ կա անվստահություն, ի՞նչ իմաստ ունի մասնակցել այս ուժի հանրահավաքին կամ այլ միջոցառումների: Իհարկե, «Դ!եմ եմ»-ն այնպիսի ֆորմատ չի, որ մեր քաղաքացիական նախաձեռնության անդամները գրանցված լինեն, և մենք իմանանք, թե քանի մարդ կա նախաձեռնության կազմում, դրա համար չեմ կարող հայտարարություններ անել նախաձեռնության բոլոր անդամների անունից, կամ ասել` նախաձեռնության քանի՞ անդամ կմասնակցի կամ չի մասնակցի: Ես չեմ ճանաչում նախաձեռնության որևէ անդամի, ով պատրաստվում է մասնակցել այդ հանրահավաքին:
– ՕԵԿ-ը ևս խոսում է այն խնդիրների մասին, որոնց դեմ պայքարում է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը: Չե՞ք կարծում, որ ՕԵԿ-ին պետք է դիտարկել` որպես դաշնակից, և ոչ թե` հակառակորդ:
– Մենք չենք դիտարկում որպես հակառակորդ, ուղղակի ՕԵԿ-ն ավելի շուտ ՀՀԿ-ի դաշնակիցն է, քան «Դ!եմ եմ»-ի, դրանում հեշտ է համոզվել, եթե ուսումնասիրեք այդ կուսակցության վերջին տարիների գործունեությունը: Պետք չէ ասել, որ` այսօր ՕԵԿ-ը սա ասաց, պետք է նայել և տեսնել, թե ի՞նչ է արել այդ կուսակցությունը: Իսկ թե ի՞նչ է արել՝ բոլորիս աչքի առաջ է եղել:
– ՕԵԿ-ը նախկինում էր ՀՀԿ դաշնակիցը, դա մի երեք ամիս առաջ էր, հիմա նրանք ընդդիմադիր են:
– Իսկ ի՞նչ է փոխվել հիմա, մի՞թե մեր հիշողությունն այդքան կարճ է, որ մոռացած լինենք, թե ինչ կուսակցություն է ՕԵԿ-ը և ինչպես էր իրեն պահում մի քանի ամիս առաջ: Մենք դեմ չենք, որ ՕԵԿ-ն ինչ-որ հարցեր բարձրացնի, թող պայքարեն, իրենց հաջողություն ենք մաղթում, և եթե երկրի ու հասարակության համար կարողանան ինչ-որ լավ բան անել, մենք միայն կուրախանանք և կողջունենք:
– «Դ!եմ եմ»-ը համատեղ հանրահավաքներ արեց քառյակի հետ, և դրանք կարծես թե հաջողված էին, ինչո՞ւ նույնը չփորձել ՕԵԿ-ի հետ:
– Քառյակն ու ՕԵԿ-ն ընդհանրապես համեմատելու չեն: Բայց մի համեմատություն կարելի է անել. երբ քառյակը ստորագրություն էր հավաքել ու արտահերթ նստաշրջան էր հրավիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցով, ո՞վ էր բոյկոտում այդ նստաշրջանը ՀՀԿ-ի հետ` իհա՛րկե ՕԵԿ-ը: Երբ քառյակը դիմում էր ներկայացնում Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականությունը, ինչո՞ւ ՕԵԿ-ը չմիացավ քառյակին և մեր պահանջներին, կամ, երբ դեկտեմբերին, 30 աստիճան ցրտի պայմաններում մենք հավաքվել էինք ԱԺ-ի դիմաց և պահանջում էինք, որ Հայաստանի խորհրդարանը չվավերացնի գազային կապիտուլյացիոն համաձայնագրերը, ո՞ր քաղաքական ուժն էր, որ ՀՀԿ-ի հետ համերաշխ քվեարկեց այդ համաձայնագրերի վավերացման օգտին` իհա՛րկե ՕԵԿ-ը. դա մենք չենք մոռացել: Դա ընդամենը մի քանի ամիս առաջ էր, ու հիմա ՕԵԿ-ն ուզում է, որ մենք հավատանք իրենց և իրենց խոստումներին: Մի՞թե մեր հիշողությունն այդքան կարճ է, որ մենք մոռացած լինենք, թե ո՞վ է ՕԵԿ-ը: Ես նորից եմ կրկնում, եթե Հայաստանում կա մի քաղաքական ուժ, որի ասածներին չի կարելի վստահել, դա ՕԵԿ-ն է:
– Չնայած դուք չեք վստահում ՕԵԿ-ին, սակայն ՕԵԿ-ը ձեզ հրավիրում է իր հանրահավաքին: Գուցե պատճառն այն է, որ ՕԵԿ-ն ուզում է օգտագործել «Դ!եմ եմ»-ի անդամներին՝ ավելի մեծ հանրահավաք կազմակերպելու համար, որպեսզի հրապարակում հնարավորինս շատ մարդ լինի:
– Ցանկացած քաղաքական ուժ կարող է նման բան մտածել կամ նման մտադրություն ունենալ. այսինքն՝ փորձել օգտագործել մեզ, բաց դա իրենց խնդիրն է, իրենց մտածողության խնդիրն է: Ես ասում եմ, որ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն ՕԵԿ-ի հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու հարց չի քննարկել, քանի որ այդ հանրահավաքը մեզ համար տասներորդական նշանակության հարց է, որին մենք անիմաստ ենք համարել անդրադառնալ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս