Ինչո՞ւ է ձերբակալվել հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը (լրացված)

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են Հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից Լևոն Հայրապետյանին` խորհրդային և ռուս պետական գործիչ Վիկտոր Չեռնոմիրդինի ընկերոջը:

ՌԴ հատուկ ծառայություններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ Հայրապետյանին ձերբակալել են նախօրեին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել է Մոնակոյից: Հակահետախույզները խստացված պահպանության ներքո գործարարին հարցաքննության համար բերել են ՌԴ Հետաքննչական կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտարարել են ձերբակալության մասին: Քննիչները մտադիր են մոտակա օրերին դիմել դատարան` Լ. Հայրապետյանի նկատմամբ որպես նախնական խափանման միջոց կալանքն ընտրելու համար: Կասկածներ կան, որ Լ. Հայրապետյանը կապված է հանցավոր խմբի հետ: Հանցավոր գործունեությանը Հայրապետյանի մասնակցության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում:
Ըստ Rosbalt-ի` ձերբակալությունն իրականացվել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի կողմից «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննման շրջանակներում: Այդ խմբավորումը հայտնի է ավելի քան 15 պատվիրված սպանություններ և մահափորձեր կազմակերպելու մեջ: Համարվում է խոշոր հանցավոր խմբավորում, որը ղեկավարում է Սերգեյ Ֆինագինը: Հետաքննության տվյալներով` այդ խմբավորման, ինչպես նաև դրան մոտ կանգնած և Ալեքսանդր Մատուսովի (Բասմաչ) գլխավորած «շչոլկովյան» խմբավորման անդամները երկար ժամանակ իրականացրել են խոշոր գործարարների շահերից բխող սպանություններ: Նրանք սկզբում աշխատում էին բանկիր Գեորգի Սաֆիևի (սպանվել է ԱՄՆ-ում) շահերը սպասարկելով, իսկ հետո Սաֆիևին փոխարինեց սենատոր Իգոր Իզմեստևը, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում` սպանություններ ու ահաբեկչություններ կազմակերպելու համար:

hzxHqF1yfgc

Ի դեպ, Մատուսովը վերջերս ձերբակալվել է Թաիլանդում և արտահանձնվել է Ռուսաստանին: 2014թ. ամռանն Իզմեստևը ցանկություն հայտնեց ցուցմունքներ տալ հետաքննությանն անհայտ փաստերի շուրջ: Ըստ Rosbalt-ի և ռուսական այլ ԶԼՄ-ների` նրան գաղութից բերեցին Մոսկվա, ուր և նա հայտարարեց, որ մի շարք հանցանքներին մասնակից է նաև Մոնակոյում մշտապես բնակվող Լևոն Հայրապետյանը: Արդյունքում, Հետաքննչական կոմիտեն որոշել էր ձերբակալել Հայրապետյանին, երբ նա հայտնվի Մոսկվայում: Սերգեյ Ֆինագինը հանցավոր խմբավորումը ստեղծել է 1992թ. վերջին` Մոսկվայում և երկրի այլ քաղաքներում քաղաքացիների վրա հարձակումներ կազմակերպելու համար: Հանցավոր խմբավորման կազմակերպիչների ու ղեկավարների թվում եղել է նաև Իգոր Իզմեստևը: Նա և հանցավոր խմբավորման մյուս ղեկավարները մասնակցել են խմբավորման անդամներին գումարով, զենքով, ավտոմեքենաներով ու կապի միջոցներով ապահովելուն, նրանց հանձնարարել են գործել կոնկրետ հանցանքներ: Դրա համար խմբավորման անդամներն իրենց տրամադրության տակ ունեցել են հրաձգային և սառը զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ու սարքեր: Խմբավորումը դավադիր նպատակներով ակտիվորեն գործածել է կեղծ փաստաթղթեր, վարձակալել է բնակարաններ ու ավտոտնակներ: Զինված խմբավորմանը մասնակցելու համար նրա անդամներն ամեն ամիս գումարներ են ստացել խմբավորման կազմակերպիչներից ու ղեկավարներից: Բացի այդ, նրանք ստացել են դրամական «պարգևավճարներ»` յուրաքանչյուր կոնկրետ հանցանքի համար: Ընդհանուր առմամբ` խմբավորման անդամները կատարել են ավելի քան 20 ծանր և հատկապես ծանր հանցանքներ, այդ թվում` նաև տասնյակ սպանություններ:

10564719_10202709920813368_1111381433_n

Երեկ երեկոյան Rosbalt-ը հաղորդեց, որ ՌԴ Հետաքննչական կոմիտեն Լ. Հայրապետյանին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ արդեն միջնորդություն է ներկայացրել Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարան: Լ. Հայրապետյանը կասկածվում է 2008թ. «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն կատարելու մեջ, և նրան մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով։ Այդ գործով ցմահ ազատազրկում կրող նախկին սենատոր Իգոր Իզմեստևն ամռանը վկայություն է տվել, որ Հայրապետյանը ներգրավված է եղել որոշ հանցագործությունների, մասնավորապես` «Բաշնեֆտ» ընկերության շուրջ ստեղծված քրեական և տնտեսական, այսպես ասած, «ռազբորկաների» մեջ: Անցած գիշեր խուզարկվել է Լ. Հայրապետյանի` Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում գտնվող գրասենյակը, որտեղից առգրավվել է «Մակարով» ատրճանակի 2 փաթեթ և փամփուշտներ: Rosbalt-ի աղբյուրները տեղեկացրել են, որ հայ գործարարը սպանությունների հետ կապ չունի:

Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը «Սոբեսեդնիկ» հրատարակչական տան տնօրենների խորհրդի նախագահն է, Շուշիի վերականգնման ծրագրի գլխավոր հովանավորներից է, ռուսաստանյան էներգետիկ մի շարք ընկերությունների բաժնետեր է: 2011թ. «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացրեց մի վիդեոհարցազրույց, որում Հայրապետյանը կոշտ հայտարարություններով էր հանդես եկել` կապված մեր երկրում ահռելի չափերի հասնող կոռուպցիայի, պետական համակարգում տիրող անգրագիտության և ձևավորված օլիգարխիայի հետ` այդ երևույթները համարելով Հայաստանի գլխավոր չարիքներ: Նա անդրադարձել էր նաև Հայաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի հղփացած ապրելակերպին` անվանելով այդպիսի զինվորականներին «թերարժեքության բարդույթ ունեցողներ»: Հայրապետյանը դատապարտել էր առավոտից երեկո հեռուստատեսությամբ գովազդվող «բարեգործ» օլիգարխներին` նշելով, որ նրանք իրենց քաղաքական ապագան են կերտում` վերադարձնելով միայն գրոշներ ժողովրդից գողացած փողերից և չմուծած հարկերից: Նաև ցավ էր հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանում ամենալավ բիզնեսն ադմինիստրատիվ պաշտոն զբաղեցնելն է: Նաև ասել էր, որ ցանկանում է Հայաստանի արտաքին անվտանգության վրա որևէ կերպ չազդող որակյալ հեղափոխություն տեսնել մեր երկրում: «Պետք է փոխառել միջազգային փորձն ու ամենը կարգի բերել, որպեսզի ամենախոշոր ընկերությունները հարկատուների ցանկում չլինեն 50-րդ կամ 114-րդ տեղում: Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա` ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ»:

Լ. Հայրապետյանը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս քաղաքական հայտարարություններով: Չնայած իր բարեգործական ծրագրերին` նա միանշանակ անձնավորություն չէր: Հիշեցնենք, որ 2011թ. Լևոն Հայրապետյանը ձեռնարկել էր Արցախի Գանձասար եկեղեցու սալիկապատման աշխատանքները, որի դեմ 350 մտավորականներ բաց նամակ էին հղել ՀՀ և ԼՂՀ նախագահներին, ինչպես նաև Գարեգին Բ-ին, որտեղ ահազանգում էին, որ այդպիսով Գանձասարի վանական համալիրի պատմական պարիսպը ոչնչացվում է: Քննարկումների արդյունքում դադարեցվեց սալիկապատումը: Հայտնի այդ պատմությունից հետո նեղացած էր Հայաստանից: Դրանից հետո Հայրապետյանը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի իրավիճակի վերաբերյալ կոշտ քննադատությամբ: Մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հրապարակվում այն մասին, որ Լ. Հայրապետյանը հաճախելով խաղատներ` խոշոր` 1մլն ԱՄՆ դոլարի հասնող գումարներ է տանուլ տալիս: Լ. Հայրապետյանը, սակայն, մասնակցում էր և ԼՂՀ բարեգործական ծրագրերին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքներին (օրինակ, 2010թ.` 2 մլն դոլար), և բազմաթիվ այլ ծրագրերի: Ի դեպ, տարիներ առաջ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Լ. Հայրապետյանը կազմակերպել էր ավանակների մրցույթը:

2013թ. Լ. Հայրապետյանը, այցելելով ԼՂՀ, հանդիպել էր նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել էին Վանք գյուղում և ձորակում բնակելի շենքերի, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջության և ժամանցային ենթակառուցվածքների շինարարության հետ կապված մի շարք ծրագրեր:

Ի դեպ, երեկ Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, հայտարարություն է տարածել` կապված Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ։ «Մոսկվայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հայ-ռուսական բարեկամության ամենահետևողական ու ակտիվ քարոզիչներից մեկին` մեծ հայրենասեր և հայտնի բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանին: Երկար տարիներ ճանաչելով Լևոն Հայրապետյանին` ինձ մոտ ոչ մի կասկած չկա. այս ակցիան նպատակ է հետապնդում ստվեր նետելու հայ-ռուսական բարեկամության վրա և կասկածի տակ դնելու Հայաստանի Հանրապետության` Եվրասիական միությանն անդամակցելու նպատակահարմարությունը, ինչպես նաև որոշակիորեն ազդելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կառուցման վրա:

Վերոնշյալը բերում է այն մտքին, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալության և նրա նկատմամբ գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած: Միակ պետությունն աշխարհում, որը հիմք ունի դժգոհելու Լևոն Հայրապետյանի գործունեությունից, Ադրբեջանն է, որի ղեկավարությունը միշտ մեծագույն նախանձով է վերաբերվում հայոց պետության հաջողություններին: Այն նույն Ադրբեջանը, որը փորձում է իր խնդիրները լուծել` օգտագործելով նավթային եկամուտները, որը միջազգային տերմինաբանության մեջ արդեն հայտնի է «խավիարային դիվանագիտություն» անվանմամբ, ինչի մասին խոսել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը` նշելով, որ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» վտանգ է ներկայացնում Եվրախորհրդի Խորհրդարանական ասամբլեայի ինքնիշխանությանը: Ցավոք, ՌԴ որոշ կառույցներում, այդ թվում` Անվտանգության դաշնային ծառայությունում, դեռևս խարդախ մարդիկ են աշխատում, որոնք պատրաստ են 30 արծաթի դիմաց ելույթ ունենալ իրենց սեփական երկրի շահերի դեմ: Իսկ այն հարցում, որ հզոր հայկական հանրապետությունները` տեղակայված ՆԱՏՕ-ի անդամ պետության և Ռուսաստանի միջև, համապատասխանում են ՌԴ շահերին, վստահ եմ, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Հիշեցնում եմ այս մասին, քանի որ Լևոն Հայրապետյանը նաև Լեռնային Ղարաբաղում կառուցվող ռազմական ակադեմիայի հիմնական հովանավորն է, և հենց նրա նախաձեռնությամբ է այն անվանվել հայկական ծագմամբ ՌԴ երկու ռազմական գործչի` Ալեքսանդր Սուվորովի և Վալերիան Մադաթովի անունով: Իհարկե, հայ ժողովուրդը չի կարող անտարբեր մնալ Լևոն Հայրապետյանի ճակատագրի նկատմամբ, սակայն ես վստահ եմ, որ ի պաշտպանություն նրա` մարդիկ ոտքի կկանգնեն ո՛չ միայն Հայոց պետություններում, այլև` հենց Ռուսաստանում: Միաժամանակ, ես հույս եմ հայտնում, որ տվյալ թյուրիմացությունը շատ շուտով կբացահայտվի, և Լևոն Գուրգենովիչը կրկին կզբաղվի բարեգործական և մեր երկրների համար այնքան անհրաժեշտ գործունեությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս