Ինչո՞ւ է Ռուսաստանի ԱԴԾ-ն կալանավորել հայ միլիարդատիրոջը

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է հայտնի հայ գործարար Լևոն Հայրապետյանը, ով մշտապես բնակվում է Մոնակոյում:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Հայրապետյանին մեղադրում են «Կինգիսեպյան հանցավոր խմբավորման» հետ կապեր ունենալու մեջ և նրա դեմ ցուցմունք է տվել կինգիսեպյան հանցավոր խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված` Բաշկիրիայից ՌԴ Պեդումայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը: Որքանո՞վ է տրամաբանական կալանավորել հայտնի գործարարին և բարերարին ցմահ կալավորված մարդու ցուցմունքով, մի մարդ, ով արդեն ութերորդ տարին` գտնվում է բանտում և ում մասին Ռուսաստանում գրեթե մոռացել էին: «Կինգիսեպյան հանցավոր խմբավորումը», որը զբաղված է եղել պատվիրված սպանություններ կազմակերպելով, չեզոքացվել է 2004-2007թթ., ինքը` Իզմեստևը` կալանավորվել է 2007թ., և հայտնի չէ, թե ինչո՞ւ հենց հիմա հիշեց Լևոն Հայրապետյանին: Բայց հայտնի է, որ ցմահ դատապարտվածները պատրաստ են ցանկացած ցուցմունք տալ, որը կօգնի նրանց հայտնվել ազատության մեջ, կամ ինչ-որ փոփոխություն մտցնել իրենց անհույս կարգավիճակում:

Իսկ ինչո՞ւ պետք է Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված լինեին Լ. Հայրապետյանի կալանավորման մեջ: Որքան էլ անհավանական թվա, բայց դա կարող է անմիջական կապ ունենալ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ներկա փուլի հետ: Հայրապետյանը մեկն էր այն մարդկանցից, ով միլիոնավոր դոլարներ էր ներդնում Արցախի տնտեսության մեջ: Նա ամեն կերպ խրախուսում էր արցախցիներին` կապված մնալ իրենց հայրենիքի հետ՝ կազմակերպելով մասսայական հարսանիքներ և օգնություն նորաստեղծ ընտանիքներին, նա ստեղծում էր աշխատատեղեր և Արցախը գրավիչ դարձնում զբոսաշրջիկների համար` կառուցելով ճանապարհներ, ժամանակակից հյուրանոցներ և վերանորոգելով պատմամշակութային հուշարձաններ, թեև՝ ոչ միշտ հաջող: Հայրապետյանը մտածում էր Արցախի պաշտպանության մասին և այդ նպատակով կառուցում էր մեր տարածաշրջանում նմանը չունեցող Սուվորովյան-Մադաթովյան ռազմական ուսումնարանը, որը պետք է դառնար հայկական բանակի սպայական կազմի դարբնոցը: Հիմա Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները կալանավորել են նրան ու մեղադրում են վարձու մարդասպանների խմբավորման հետ ունեցած կապի մեջ: Չդիտարկել սա` որպես Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված քայլ, ուղղակի չի կարելի:

Տեսանյութեր

Լրահոս