Բաժիններ՝

Անգելա Մերկելն այսօր նշում է իր 60-ամյակը

Ռուսական ИТАР-ТАСС‎ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անգելա Մերկելն այսօր նշում է իր 60-ամյակը: Նա ծնվել է 1954 թվականի հուլիսի 17-ին, Համբուրգում՝ լյութերական քահանայի ու ուսուցչուհու ընտանիքում:

Նույն թվականին Մերկելի ընտանիքը տեղափոխվել է ԳԴՀ-ի Կվիտցով փոքր քաղաք, իսկ ավելի ուշ Մերկելները հաստատվել են Բեռլինի մոտ գտնվող Տեմպլին քաղաքում: Անգելա Մերկելը դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, իսկ 1973-1978 թվականներին սովորել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:

Այն ավարտելուց հետո Անգելա Մերկելը մինչև 1990 թվականն աշխատել է ԳԴՀ ԳԱԱ-ում՝ Բեռլինյան ինստիտուտում: 1986 թվականին նա ատենախոսություն է պաշտպանել քվանտային քիմիայի գծով և ստացել է բնական գիտությունների դոկտորի աստիճան:

Մերկելը քաղաքականությամբ սկսել է զբաղվել 1980-ական թվականների վերջերին: 1990 թվականի օգոստոսին միացել է ԳԴՀ-ի Քրիստոնեա-դեմոկրատական միությանը (ՔԴՄ) և նույն տարում առաջին համագերմանական ընտրությունների արդյունքներով դարձել է (ՔԴՄ-ից) բուդեսթագի պատգամավոր (1990 թվականի միավորվել են նաև ԳՖՀ-ի ու ԳԴՀ-ի ՔԴՄ-ները):

Անգելա Մերկելը նախկին ԳԴՀ-ի այն փոքրաթիվ ներկայացուցիչներից է, որոնց հաջողվեց բավական արագ քաղաքական կարիերա անել միասնական Գերմանիայում: 1991 թվականին Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլի աջակցությամբ դարձել է կանանց ու երիտասարդների հարցերով զբաղվող նախարար և այդ պաշտոնում մնացել է մինչև 1994 թվականը:

1994-1998 թվականներին Անգելա Մերկելը զբաղեցրել է բնապահպանության, շրջակա միջավայրի ու միջուկային ռեակտորների անվտանգության նախարարի պաշտոնը: Մերկելը միաժամանակ առաջ է գնացել կուսակցական աստիճանով:

1991-1998 թվականներին նա ՔԴՄ-ի փոխնախագահն էր, 1998-2000 թվականներին՝ ՔԴՄ-ի գլխավոր քարտուղարը, իսկ 2000 թվականից՝ ՔԴՄ-ի նախագահը (կուսակցության պատմության մեջ առաջին կին նախագահը):

2000-2005 թվականներին Մերկելը գլխավորել է բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ (Քրիստոնեա-սոցիալական միություն) խմբակցությունը: 2005 թվականի նոյեմբերի 22-ին բունդեսթագն Անգելա Մերկելին ընտրել է Գերմանիայի դաշնային կանցլեր:

Դրանով իսկ Մերկելը դարձավ երկրի պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է տվյալ պաշտոնը: Բացի այդ, Մերկելը դարձավ երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ կանցլերը: Մերկելը կանցլեր ընտրվեց նաև 2009 և 2013 թվականներին (երրորդ անգամ անընդմեջ):

2008 թվականին Մերկելը պարգևատրվեց Գերմանիայի բարձրագույն պարգևով: Մերկելի վարկանիշը Գերմանիայում գրեթե շտապես բարձր է եղել՝ 76 տոկոս: 2014 թվականի մայիսին նա 8-րդ անգամ գլխավորել է Forbes պարբերականի վարկածով Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը:

Մերկելն օտար լեզուներից տիրապետում է անգլերենին ու ռուսերենին, սիրում է օպերա, հետաքրքրված է այգեգործությամբ ու խոհարարությամբ: Մեկելն ամուսնացած է քիմիայի պրոֆեսոր Յոահիմ Զաուերի հետ (Մերկելն առաջին ամուսնուց ամուսնալուծվելուց հետո պահպանել է ազգանունը): Մերկելը չունի երեխաներ: Յոահիմ Զաուերն առաջին ամուսնությունից ունի երկու որդի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս