Լարիսա Ալավերդյան. «Ցմահ ազատազրկումն առավելագույն պատիժ կարող է սահմանվել ադրբեջանցի դիվերսիոն խմբի համար»
«Առավելագույն պատիժ կարող է սահմանվել ցմահ ազատազրկումը: Երկու շատ դաժան սպանության մասին է խոսքը: Եվ դեռ մի բան էլ՝ մի կնոջ հանդեպ մահափորձ, որն այսօր պառկած է հոսպիտալում:
Մեզ մոտ, մեր օրենքներով ցմահ նստած են անգամ այնպիսի անձինք, որոնք գործել են մեկ սպանություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական դիվերսիոն խմբի ձերբակալության հետևանքների մասին խոսեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ Ադրբեջանը փորձելու է հարցը հանել քաղաքական հարթություն:
Լ. Ալավերդյանը ճիշտ է համարում, որ դատավարության գործընթացը վարեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատկան մարմինները, որին, միայն օժանդակություն ցուցաբերելու սկզբունքով, կարող է մասնակցել Հայաստանը:
Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարցը դուրս բերել քաղաքական ասպարեզ. «Քանի որ այնտեղ կան այնպիսի շահեր, ինչպիսին է British Petrolium-ը, փաստորեն, նա պատսպարված է այդ առումով և գործում է ղաչաղի նման:
Ադրբեջանը մինչև անգամ անհայտ կորածների և պատանդների հարցն ի սկզբանե մտցրել է քաղաքական դաշտ: Այսինքն՝ նրա համար գոյություն չունի միջազգային իրավունք: Նա միջազգային իրավունքը համարում է իր ուղղակի ծառան»:
Ըստ բանախոսի՝ Հայաստանը պետք է նոր միջոցներ ձեռնարկի, որպեսզի սահմաններն այդքան խոցելի չլինեն.
«Այո՛, այդ սահմանն առավել քան բաց է և վտանգված է: Մենք պայմանագրեր չունենք, որովհետև չունենք հարաբերություններ»:
Իսկ սոցիալական ցանցերի հայ հասարակության արձագանքն անհասկանալի է Լարիսա Ալավերդյանի համար: Կասկածից վեր է համարում այն, որ որևէ ադրբեջանցի սահման անցներ իր նախաձեռնությամբ.
«Անընդմեջ Ադրբեջանը կարողանում է հասնել մի նպատակի՝ հայերի մեջ մի նոր պառակտում ծնել, որտեղ հասարակության մի կողմը համարում է դա անթույլատրելի. եթե նա անցել է սահմանը՝ դա հանցագործություն է, երկրորդ հանցագործությունը սպանությունն է, մյուս կողմը պարզապես չի հավատում կատարվածին»: