
Իրանն Իրաքին գազ կմատակարարի հաջորդ տարվա գարնանից

Iran.ru-ի փոխանցմամբ՝ իրանական գազը կարող է Իրաք արտահանվել հաջորդ տարվա գարնանը՝ «Իսլամական պետության» խմբավորման կազմակերպած ճգնաժամի կարգավորումից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարարի՝ միջազգային հարցերով տեղակալ Ալի Մաջեդին:
Նրա խոսքերով՝ իրանական գազը Բաղդադի շրջան պետք է մատակարարվի հաջորդ տարվա գարնանից: Անդրադառնալով գազամուղի կառուցման խնդրին՝ Մաջեդին հայտարարել է, որ Իրաքի տարածքում արդեն իսկ ավարտված է գազամուղի հիմնական մասի կառուցումը, իսկ իրանական տարածքում դեռ ավարտված չէ գազատարի կառուցումը:
Մաջեդին հավելել է, որ Իրանը գազի մատակարարման շուրջ երկու պայմանագիր է ստորագրել Իրաքի հետ, ըստ որոնց՝ գազամատակարարումն իրականացվելու է երկու երթուղով՝ դեպի Բասրա ու Բաղդադ: Մաջեդիի խոսքերով՝ սկզբնական շրջանում օրական կմատակարարվի 7 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը հետագայում կհասցվի մինչև 25 միլիոն խորանարդ մետրի:
Ընդ որում, Թեհրանն ու Բաղդադը բանակցում են, որպեսզի Իրաքին իրանական գազի մատակարարման ծավալը հետագայում հասցվի մինչև 40 միլիոն խորանարդ մետրի: Դրանով իսկ Իրաքն իրանական գազի գնման ծավալով կարող է գերազանցել Թուրքիային: