Եթե գտնվեի ազատության մեջ, ապա զենքը ձեռքիս կպայքարեի Ուկրաինայի համար. Մերաբիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի քանի գործով դատապարտված Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին երեկ հայտարարել է, որ եթե լիներ ազատության մեջ, ապա զենքը ձեռքին կպայքարեր Ուկրաինայի համար:

Մերաբիշվիլին այդ հայտարարությունն արել է Թբիլիսիի Վերաքննիչ դատարանում, որը դիտարկում է 2011 թվականի մայիսի 26-ի բողոքի ակցիայի ուժային ցրման գործը:

Մերաբիշվիլիի փաստաբանները բողոքարկել են տվյալ գործով փետրվարին առաջին ատյանի կայացրած որոշումը, որով Մերաբիշվիլին դատապարտվել է 4 տարի և 6 ամիս ազատազրկման՝ ծառայողական լիազորությունները գերազանցելու համար:

Մերաբիշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան արդեն իսկ ձերբազատվել է ռուսամետ օլիգարխ Յանուկովիչից. «Մեզ մոտ առջևում է այդ երջանկությունը: Այսօր ուկրաինացի մարտիկներն ազատագրում են Լուգանսկի ու Դոնեցկի շրջանները: Ես շատ երջանիկ կլինեի, եթե լինեի ազատության մեջ:

Ես Ուկրաինայում կլինեի ընկերների հետ և զենքը ձեռքիս կմարտնչեի Ուկրաինայի ազատագրման համար, քանի որ Ուկրաինայի ազատությունը Վրաստանի ազատությունն է»:

Այս հայտարարությունն անելուց հետո Մերաբիշվիլին լքել է դահլիճը՝ որպես բողոքի նշան:

Տեսանյութեր

Լրահոս