Բաժիններ՝

ՊՆ նախկին նախարարը բարձր է գնահատում գործող նախարարի գործունեությունը

«Շատ բարձր գնահատական պետք է տալ բոլորի կատարած աշխատանքին. սկսած խրամատում կանգնած շարքային զինվորից՝ մինչև բանակի հրամանատարությունը, և անձամբ պաշտպանության նախարարին»,- այսպես գնահատեց ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծումը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԼՂՀ և ՀՀ Պաշտպանության նախարարությունները տեղեկություն տարածեցին, որ վնասազերծվել է ԼՂՀ տարածք ներթափանցած դիվերսիոն խմբի երրորդ անդամը: ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որ խմբի ղեկավարն ու անդամների մի մասը` ձերբակալվել, մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից: Իսկ ավելի ուշ համացանցում հայտնվեց տեսագրություն, որը, ըստ ամենայնի, նկարահանվել էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից, և այդ կադրերից երևում էր, որ դիվերսանտները փորձ են անում ցույց տալ, որ իրենք անարգել կարող են տեղաշարժվել, սնվել և գործել հայկական տարածքներում: Ըստ «Ռեգնումի»՝ Ադրբեջանը դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, որպեսզի այն, իր մանդատը կիրառելով, համապատասխան գործողություններ իրականացնի ադրբեջանական դիվերսիոն խմբի` Քարվաճառում գերված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի հարցով: Ընդ որում` ադրբեջանցիները պնդում են, որ Ջալալօղլուն պատանդ է վերցվել, նա հետախույզ-դիվերսանտ չէ:

Ըստ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ դիվերսիոն խմբերը լուծում են երեք հիմնական նպատակ. իրականացնում են հայկական դիրքերի հետախուզություն, փորձում են վախ և խուճապ սերմանել բանակի շարքերում և սահմանամերձ բնակավայրերում, որպեսզի զինվորները և քաղաքացիական բնակչությունն իրենց վտանգված զգան, և ստուգում են դիվերսիոն խմբերի մարտական պատրաստվածությունը: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը պատրաստություն են անցնում Թուրքիայում, թուրք մասնագետների կողմից, և հետո մարտական պատրաստվածություն են անցնում քրդերի դեմ թուրքական բանակի մղած մարտերում: Վերադառնալով Ադրբեջան, նրանք փորձում են իրենց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը ստուգել հայկական բանակի դեմ, որովհետև մի բան է տեսական գիտելիքը և քրդական պարտիզանական ուժերի դեմ պայքարը, մեկ այլ բան` հայկական կանոնավոր բանակը: Այդ իմաստով պետք է ասել, որ ադրբեջանական դիվերսանտների բոլոր երեք նպատակների իրականացումն էլ ձախողված է: Իհարկե, բանակը չի կարող ամեն ինչ կանխավ իմանալ, բայց բանակը ցույց տվեց, որ կարող է շատ օպերատիվ արձագանքել դիվերսանտներին և զրկել նրանց գործելու հնարավորությունից»,- ասում է Պաշտպանության նախկին նախարարը: Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ նաև այն աշխարհաքաղաքական իրավիճակին, որում տեղի են ունենում դիվերսիոն խմբերի ներթափանցումները. «Ադրբեջանի ղեկավարությունն ուզում է ցույց տալ, որ ինքը չի ցանկանում համակերպվել ձևավորված ստատուս-քվոյի հետ, և պահանջում է, որ այդ ստատուս-քվոն փոփոխվի: Այս դիվերսիաները նպատակ ունեն ցույց տալ այդ չհամակերպվածությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս