Բաժիններ՝

Բրազիլիայի, Իտալիայի և Գերմանիայի հավաքականների 24-ամյա դադարներն ու նույնատիպ հաջողությունները

2014.footboom.com կայքի փոխանցմամբ՝ երեկ Բրազիլիայում ավարտվեց ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ խաղում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց Արգենտինայի ընտրանուն և դարձավ աշխարհի քառակի չեմպիոն:

Գերմանիայի հավաքականը 8-րդ անգամ էր խաղում Աշխարհի առաջնության եզրափակիչներում, ընդ որում, գերմանացիներն իրենց վերջին 4 եզրափակիչներից հաղթել են միայն մեկում: Արգենտինացիների համար երեկվա եզրափակիչը հինգերորդն էր:

Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականները երրորդ անգամ էին միմյանց հետ մրցում Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերում: Երեկվա եզրափակիչը դարձավ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի ներկայացուցիչների 10-րդ եզրափակիչը, որոնցից 7 -ում հաղթել են հարավամերիկացիները:

Գերմանիայի հավաքականի խաղացող Սամի Խեդիրան դարձավ պատմության մեջ 10-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվեց նույն մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների լիգայում ու Աշխարհի առաջնությունում:

Արգենտինայի հավաքականում նման հաջողության հասնելու հնարավորություն ուներ Անխել Դի Մարիան: Ի դեպ, նման արդյունքի հասած նախորդ 7 խաղացողները գերմանացիներ են («Բավարիայի» ֆուտբոլիստներ, 1974 թվական):

Կա ևս մեկ հետաքրքրական փաստ: Բրազիլիայի հավաքականն աշխարհի քառակի չեմպոն դարձավ 1994 թվականին՝ երրորդ չեմպիոնությունից (1970) 24 տարի անց: 2006 թվականին այդպիսի արդյունք գրանցեց Իտալիայի հավաքականը՝ 24-ամյա ընդմիջումից (1982) հետո չորրորդ անգամ դառնալով Աշխարհի չեմպիոն:

Եվա ահա երեկ էլ դա կրկնեց Գերմանիայի հավաքականը՝ դառնալով Աշխարհի չեմպիոն (գերմանացիները երրորդ անգամ Աշխարհի չեմպիոն էին դարձել 24 տարի առաջ՝ 1990 թվականին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս