Որքան գումար է կանխիկացվում արտասահմանում՝ հայկական քարտերով
ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվների սառեցման խնդրի համատեքստում բավական հաճախ նշվում էր այն մարդկանց դժվարությունները, ովքեր արտասահմանում փորձում են օգտվել հայկական բանկերի կողմից տրամադրված քարտերից և պարզում, որ հաշիվը սառեցված է։
Այս տեսակետներին ի պատասխան՝ ոմանք նշում էին, որ խնդիրն ուռճացված է և ՀՀ քաղաքացիները արտասահմանում այդքան էլ շատ չեն օգտագործում բանկային քարտերը։ Հիմնականում կանխիկով են վճարումներ կատարում։
Սա, իհարկե, մոլորություն է։ ՀՀ կենտրոնական բանկի մայիս ամսվա տեղեկագրում ներկայացված տվյալների համաձայն՝ հայկական բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում բավականին մեծ ծավալով գործարքներ են իրականացվում։
Օրինակ, միայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում կատարվել է կանխիկացման 21 132 գործարք։ Կանխիկացված ընդհանուր գումարը կազմել է 1 միլիարդ 778 միլիոն դրամ։
Իսկ այս տարվա առաջին 5 ընթացքում արտասահմանում ՀՀ քարտերով կանխիկացվել է 9 միլիարդ դրամ։
Սակայն միայն կանխիկացումը չէ։ ՀՀ բանկերի թողարկած քարտերը արտասահմանում օգտագործվում են նաև անկանխիկ գործառնությունների համար, որոնց ծավալն ավելի մեծ է։ Միայն մայիս ամսին իրականացվել է ավելի քան 102 հազար անկանխիկ գործառնություն՝ 3.9 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով։ Առաջին 5 ամիսների ընթացքում 28 միլիարդ 481 միլիոն
Այսինքն, ընդհանուր առմամբ, Հայաստանում թողարկված քարտերով այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում կատարվել է շուրջ 37.5 միլիարդ դրամի գործարք, ինչը լուրջ ցուցանիշ է։