Ֆինանսական շուկաները շախ են հայտարարում Պուտինին. Die Welt
Գերմանական Die Welt թերթի փոխանցմամբ՝ մեծ քաղաքականությունում գլուխ հանելու համար անհրաժեշտ է հետևել ֆինանսական շուկաներին: Այդ կանոնն այժմեական է նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտության պարագայում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այլևս չի դիմի հանդուգն գործողությունների և կարգելակի: Պուտինի պասսիվությունը կարող է տարօրինակ թվալ քաղաքական դիտորդին, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ասել արհեստավարժ տնտեսագետի պարագայում:
Ընկերությունները, բանկերն ու շարքային քաղաքացիները մեծապես սկսել են պուտինյան կայսրությունից դուրս բերել իրենց կապիտալը, և Ուկրաինայի ճգնաժամում յուրաքանչյուր նոր սրացումը կարող է ուժգնացնել Ռուսաստանի կապիտալի արտահոսքը:
Ընթացիկ տարվա առաջին կեսին Ռուսաստանից կապիտալի արտահոսքի ծավալը կազմել է մոտ 74.6 միլիարդ դոլար, ինչը գերազանցել է ողջ 2013 թվականի ցուցանիշը:
Ֆինանսական շուկաներն այդ թվերն ընկալեցին որպես անվստահության քվե, իսկ ռուսական պետական փոխառությունների տոկոսադրույքները «թռան մինչև երկինք»:
Չնայած նրան, որ այս տարվա երկրորդ եռամսյակին Ռուսաստանից կապիտալի արտահոսքի ծավալը բավական նվազել է (2-րդ եռամսյակում կապիտալի արտահոսքը կազմել է 25.8 միլիարդ դոլար, իսկ 1-ին եռամսյակում՝ մոտ 50 միլիարդ դոլար), այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա:
Համաշխարհային բանկը չի բացառում, որ տարվա կտրվածքով այդ ցուցանիշը կարող է հասնել 150 միլիարդ դոլարի: Այն, որ կապիտալի արտահոսքի ծավալը գերազանցելու է 100 միլիարդ դոլարի սահմանագիծը, բնական է թվում: Նման կանխատեսումներ է անում նաև Արժույթի միջազգային հիմնադրամը: Կապիտալի արտահոսքն ուղիղ ազդում է ռուսական տնտեսության վրա: