Բաժիններ՝

«Ադրբեջանը շատ խոցելի պետություն է՝ արտաքին միջամտության առումով». Արաքս Փաշայան

Արաբագետ Արաքս Փաշայանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց  «Իսլամական պետություն», իսլամիստական ծայրահեղական խմբավորումների ազդեցության աճը Մերձավոր Արևելքում և Հայաստանը  թեմաներով:

Նա ասաց, որ այսօր Մերձավոր Արևելքում քաղաքական իրադրությունը միանգամայն այլ է. «Արաբական գարնան» դեպքերից հետո այստեղ իրավիճակը փոխվել է,  և մեծացել Սալաֆիական- Ջիհադական շարժումների նշանակությունն ու դերը. «Տարածաշրջանում մի կողմից մեծացել է քրդական գործոնի նշանակությունը, և պարբերաբար քրդական ինքնավարությունից հնչում են անկախության կոչեր, մյուս կողմից` Սալաֆիական- Ջիհադական գործոնը,  այսինքն` իսլամական գործոնի նշանակությունը Մերձավոր Արևելքում, և վերջապես երրորդը, որ այսօր Մերձավոր Արևելքի որոշ պետություններ կանգնած են մասնատման վտանգի առաջ և այսօր խոսվում է Մերձավոր Արևելքի նոր քարտեզ ստեղծելու մասին, որի աշխարհագրությունն է` Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա»,- ասաց Արաքս Փաշայանը:

Նա պարզաբանեց շարժման էությունն ու նպատակը. «Սա արդիականությանը հակասող իրողություն է այն առումով, որ տեղի է ունենում նահանջ` դեպի իսլամի ակունքներ, այսինքն` արվումէ փորձ` վերականգնելու միջնադարյան արաբա-իսլամական պետությունը, որը ստեղծվեց 7-րդ դարում` իսլամի տարածումից անմիջապես հետո և գոյատևեց մինչև 13-րդ դարի Մոնղոլական արշավանքը:

Սալաֆիական- Ջիհադականների երազանքն է գնալ դեպի ակունքները, սակայն միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ այս գործընթացը հազիվ թե իրականություն դառնար, եթե չլինեին ուժային մի շարք կենտրոններ, որոնք ֆինանսավորել ու սպառազինություն են տրամադրել և երկար տարիներ նախապատրաստել են այդ ծրագիրը, որը եկավ  թուլացնելու Մերձավոր Արևելքի ազգային անվտանգության համակարգը և ի հայտ բերեց նաև այն բոլոր հակասությունները, որ գոյություն ունեին իսլամական աշխարհում` սունիական և շիական ռազմաքաղաքական խմբավորումների կողմից»,- նշեց Արաքս Փաշայանը:

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սա Մերձավոր Արևելքի հայկական համայնքների համար,  նա պատասխանեց, որ Մերձավոր արևելքի բոլոր համայնքները չէ, որ վտանգի մեջ են.« Հայերը կարող են ապրել նույն «Իսլամական պետության» շրջանակներում, անգամ` շարիաթական պետության շրջանակներում, որտեղ գործում են շարիաթի օրենքներ։ Այսինքն` իրենք պետք է ուղղակի վճարեն հարկերը, որ ամրագրված է շարիաթով, և այդ պետության մեջ կունենան գույքի, անձի ապահովություն և անվտանգություն: Հայ համայնքները պետք է պատրաստ լինեն  բոլոր ռիսկերին և եթե շարունակում են ապրել Մերձավոր Արևելքում, պետք է նկատի ունենան, որ այնտեղի պետությունների հասարակա-քաղաքական կյանքում մեծացել է իսլամի գործոնը:

Իսկ այն հարցին, թե  Սալաֆիական- Ջիհադական շարժումը նպատակ և հնարավորություն ունի՞ առաջիկա տարիներին հասնել Հյուսիսային Կովկաս, Ա. Փաշայանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Ռուսաստանը Հյուսիսային Կովկասի շատ ու շատ երկրներում չի կարողանում աշխատեցնել իր օրենքները: Գուցե գա մի օր, որ Ռուսաստանը նույնպես տակնուվրա լինի «մարտնչող իսլամի» էքսպանսիայի արդյունքում, բայց գործընթացները առայժմ տեղի են ունենում Մերձավոր Արևելքում: Իհարկե, «Իսլամական պետության» քարտեզներում նշված է նաև Հայաստանը, Կովկասը, որովհետև դրանք ժամանակին եղել են արաբա-իսլամական պետության խալիֆայության տարածքներ: Իրենք ունեն մոտակա և հեռահար ծրագրեր, բայց ամեն դեպքում ինքնուրույն գործող ուժ չեն և ֆինանսավորվում են թե՛ տարածաշրջանի ուժային կենտրոններից, թե՛ մեծ պետությունների կողմից: Եթե, օրինակ, մեծ պետությունները դնեն Ադրբեջանում իշխանությունը փոխելու խնդիր, հավատացած եղեք , որ ուժային կենտրոնները շատ հեշտությամբ կարող են օգտագործել Ադրբեջանի խոցելի տեղերը՝ և՛ էթնիկ, և՛ դավանական, և՛ շիա-սունի հակասությունները. Ադրբեջանը շատ խոցելի պետություն է արտաքին միջամտության առումով»,- նշեց նա:

Ռազմիկ Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս