Գերմանիայի հայ համայնքի առաջին պահանջներից մեկը Ցեղասպանության ճանաչումն է խորհրդարանի կողմից
Ինչպես աշխարհի տարբեր երկրների, այնպես էլ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) հայ համայնքային կառույցները նախապատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին կայանալիք ծրագրերին:
Գերմանիայի հայ համայնքային կառույցներում արդեն աշխատանքները մեկնարկել են, որին առաջիկայում կհաջորդեն գործնական քայլերը:
Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդ Հայր Սերովբէ Վարդապետ Իսախանեանի հավաստմամբ՝ առաջնորդարանը հատուկ հանձնախումբ ունի, որը գերմանական եկեղեցական շրջանակների հետ համախորհուրդ և համագործակից որոշակի աշխատանքներ է ծրագրում, սակայն որոնց մասին հրապարակելը Հայր Սուրբն առայժմ նպատակահարմար չի գտնում:
«Փորձում ենք որքան հնարավոր է` ապահովել բարձրաստիճան կրոնական և քաղաքական ներկայություն: Պետք է ասեմ, որ Գերմանիայի ընդհանուր աշխարհիկ և հոգևոր կառույցներում ձևավորվել է 100-ամյակի նախապատրաստության առանձին հանձնախումբ, որտեղ ունենք ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանության աջակցությունը, և արդեն նախապատրաստական որոշակի ծրագրեր իրագործվել են, ժողովները կանոնավոր, հերթականությամբ տեղի են ունենում, իսկ հաջորդ ժողովը հուլիսի 18-ին է»,-168.am-ի հետ զրույցում ասաց Հայր Սերովբէ Վարդապետ Իսախանեանը՝ հավաստիացնելով, որ հերթական ժողովից հետո որոշակի քայլեր կներկայացվեն, որպեսզի հնարավոր լինի ոգեկոչման հայտարարությամբ ոչ միայն նշել Ցեղասպանության 100-ամյակը, այլև կոնկրետացնել հայ համայնքի հստակ պահանջը գերմանական իշխանություններին:
«Մենք ապրում ենք Գերմանիայում, հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ ենք կամ այստեղ ապրելու օրինական իրավունքներ ունենք, ուրեմն՝ սպասելի է, որ մենք կարողանանք և՛ գերմանական իշխանություններին, կառավարությանը, և՛ գերմանական հասարակությանը հասանելի դարձնել մեր պահանջը, որը Գերմանիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության հստակ ընդունումն է»,- նշեց Հայր Սերովբէ Իսախանեանը՝ հիշեցնելով, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հայաստանյան մամուլի տարածած տեղեկատվությունը մոլորություն է: Վերջինս հայտարարում է՝ «Գերմանիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել»:
Նա մասնավորապես մատնանշում է Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված 2005թ. մի որոշում, խորհրդարանական հայտարարություն, որն իր բովանդակությամբ թեև շատ լավ որոշում է, ասվել է ամեն բան, բայց չի օգտագործվել «ցեղասպանություն» տերմինը:
Հետևաբար՝ ԳԴՀ հայ համայնքի առաջին պահանջներից մեկը պետք է լինի Գերմանիայի խորհրդարանի կողմից 100-ամյակի առիթով Ցեղասպանության ճանաչումը՝ նրան տալով իրավաբանական բնութագրում՝ իբրև ցեղասպանություն:
Այնուամենայնիվ, Հայր Սուրբը Ցեղասպանության նյութի նախապատրաստական աշխատանքների հրապարակումն այնքան էլ կոռեկտ չի համարում, մասնավորապես՝ նկատելով այն հանգամանքը, որ Գերմանիայում առկա է թուրքական ծագումով կամ Թուրքիայի քաղաքացիների մի հսկայածավալ բանակ, որոնք էլ իրենց հերթին՝ ունեն իրենց հետաքրքրությունները և հակաքարոզչությունը: