Բաժիններ՝

Ահարոն Ադիբեկյանի ամենաանկեղծ խոստովանությունը

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Ահարոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը հարցում է կատարել՝ պարզելու բնակչության կարծիքը Հայաստանի՝ Եվրամիությանը կամ Մաքսային միությանը միանալու կանխատեսվող արդյունքների վերաբերյալ: Պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 69,1 տոկոսը Մաքսային միությանը միանալուն դրական են վերաբերվում։ Նրանց ակնկալիքները՝ այդ անդամակցության արդյունքների մասով, դրական են։

Առաջին հայացքից թվում է, որ Ադիբեկյանի ներկայացրած արդյունքները իշխանության օգտին են (ինչպես միշտ)։ Այսինքն՝ ժողովուրդը ողջունում է Մաքսային / Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը։ Սպասում է, որ դրական փոփոխություններ են լինելու։

Սակայն Ադիբեկյանի հետազոտության մեջ մի շատ մեծ ահազանգ է թաքնված։ Խոսքը վերաբերում է պատճառներին, թե ինչու է ՄՄ մտնելու որոշումը դրական գնահատական ստացել։ Եվ ի՞նչ ասել է դրական փոփոխություններ, արդյունքներ։

Ադիբեկյանը նախ նշել է, որ բնակչության պատկերացումները ՄՄ վերաբերյալ ավելի հստակ են։ Ասել է թե՝ գիտեն ուր են գնում, դրա համար էլ լավատեսորեն տրամադրված։

Սակայն հաջորդ երկու պատճառները կարելի է համարել ախտորոշում։

• 10 ընտանիքներից 1-2-ը աշխատող ազգական ունի ՄՄ երկրներում և ֆինանսական միջոցներ է ստանում,

• ՄՄ երկրները ավելի հարմար են արտագաղթի համար ռուսերեն լեզվի տարածված լինելու հանգամանքով,

Առաջինը նշանակում է, որ ՀՀ քաղաքացուն այսօր մտահոգում է ոչ թե իր երկրի ապագան 5, 10 կամ 50 տարի հետո, ոչ թե այն, թե ինչ երկրում է նա ապրելու, այլ պարզապես այսօր իրեն ուղարկվող ամսական 200-300 դոլարը։ Այսինքն՝ մարդիկ դարձել են միայն օրվա հացի մասին մտածող։

Դե իսկ երկրորդ պատճառի դեպքում խոսքերն ավելորդ են։ ՀՀ քաղաքացիների մի մեծ մասի վերջնական նպատակը երկրից արտագաղթելն է։ Ու նրանք ՄՄ-ին անդամակցումը դիտարկում են որպես արտագաղթելու գործը հեշտացնող քայլ։

Հիմա պա՞րզ է, թե ՀՀ քաղաքացիներից շատերը ինչ «դրական արդյունք են» ակնկալում այս գործընթացից։ Հայաստանում ապրողները ուրախ են, որ կկարողանան հեշտ արտագաղթել։ Սրանից տխուր բան դժվար է պատկերացնել։

Ադիբեկյանը չի հրապարակել, թե պատճառներից որը ինչ տեսակարար կշիռ ունի, սակայն հիշատակումն էլ բավական է մտահոգվելու համար։

Թեպետ մյուս կողմից՝ ո՞վ պետք է մտահոգվի։

Ժողովրդի 70%-ը, եթե հավատանք հարցմանը, ոչ թե մտահոգ է, այլ ուրախ։

Դեմոգրաֆիական խնդիրներ ունեցող Ռուսաստանը դեմ չի լինի, եթե ազգաբնակչությունը համալրվի ՀՀ քաղաքացիներով, Հայաստանն էլ պարզապես վերածվի ՌԴ ռազմաբազայի։

Իսկ կառավարությո՞ւնը։ Չէ, իհարկե, արտագաղթի մասին խոսելիս նրանց դեմքերը մտահոգ արտահայտություն են ստանում։ Բայց… Օրինակ, մի ժամանակ թեկուզ կատակով խոստովանում էին, որ ուրախ են՝ մարդիկ արտագաղթում են, ոչ թե մնում այստեղ ու հեղափոխություն անում։

Հիմա չեն կատակում այդ թեմայով։ Բայց արի ու տես, որ հատուկ պայմաններ են ստեղծում արտագաղթի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս