Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ ՀՀ բնակչության 70%-ը դրական է վերաբերվում Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը հարցում է կատարել՝ պարզելու բնակչության կարծիքը Հայաստանի՝ Եվրամիությանը կամ Մաքսային միությանը միանալու կանխատեսվող արդյունքների վերաբերյալ:
Սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 69,1 տոկոսը Մաքսային միությանը միանալուն դրական են վերաբերվում, հարցվածների 7,6 տոկոսը՝ բացասական, իսկ մյուս 11,7 տոկոսը համարում է, որ ոչինչ անդամակցությունը չի փոխի երկրում:
ՄՄ մտնելու դրական գնահատականների գերակայությունը ունի մի քանի պատճառ.
• Բնակչության պատկերացումները ՄՄ վերաբերյալ ավելի հստակ են, քանի որ պատասխան են տվել հարցվածների 88 %-ը (հարցվածների 23 %-ը 18-30 տարեկան են եղել)
• 10 ընտանիքներից 1-2-ը աշխատող ազգական ունի ՄՄ երկրներում և ֆինանսական միջոցներ է ստանում
• ՄՄ երկրները ավելի հարմար են արտագաղթի համար ռուսերեն լեզվի տարածված լինելու հանգամանքով
Սոցիոլոգիական կենտրոնը հարցում է անցկացրել նաև կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման արդյունավետության վերաբերյալ: Հարցվածների 91 տոկոսը բացասական կարծիք է հայտնել օրենքի մասին: Ինչպես սոցիոլոգիական կենտրոնն է գրում իր ուսումնասիրության մեջ, «այս տհաճ իրողությունը իշխանության ավտորիտարիզմի մանկական հիվանդության հետևանքն է, անտեսվել է հանրային կարծիքի թեպետ թույլ, բայց գոյատևող դերակատարությունը, որը որոշ պայմաններում կարող է ըմբոստ ուժի վերածվել»:
Որպեսզի կառավարությունը խուսափի ժողովրդի բացասական արձագանքից, իրենք առաջարկում են նոր մոտեցում ցուցաբերել. «Զանգվածների կենսական շահերին առնչվող ծրագրերի իրականացման դեպքերում անհրաժեշտ է կազմակերպել նախապատրաստական միջոցառումների համակարգ՝ բարենպաստ հանրային կարծիք ձևավորելու համար, հենվելով նախապես այդ կարծիքի ուսումնասիրության տվյալների, կողմ և դեմ արտահայտվողների բացահայտման վրա:
Բավական Ափիցարյան