Արևայրուքի ազդեցության տակ ակտիվանում են որոշ բջիջներ, որը մաշկի քաղցկեղի ռիսկ են ստեղծում. Մասնագետ
«Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ նույնիսկ ձմեռն ուլտրամանուշակագույն ճառագայթները բոլորովին քիչ չեն, իսկ ամառային սեզոնին դրանք լինում են բարձր»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ինչ-որ դոզայով շատ բարերար է օրգանիզմի համար, բայց եթե չափը շատ է լինում (արևայրուք ենք ընդունում կամ երկար ժամանակ մնում ենք արևի տակ), կարող ենք ունենալ առողջական խնդիրներ. «Ուլտրամանուշակագույն ճառագայթումը շատ բացասական ազդեցություն ունի մեր մաշկի վրա, աչքերի վրա: Այն բերում է այրվածքների, մաշկը չորացնում է, արևայրուքի ազդեցութան տակ ակտիվանում են որոշակի բջիջներ, որը մաշկի ռակի ռիսկ է ստեղծում, և այդ ռիսկը բավականին մեծ է: Ուստի խորհուրդ է տվում խուսափել օրվա ամենաշոգ ժամերին (12-7) արևի ուղիղ ճառագայթներից, աշխատել գտնվել ստվերում: Խորհուրդ է տրվում անպայման կրել արևից պաշտպանիչ միջոցներ՝ արևային ակնոցներ, գլխարկներ, հագնել բաց գույնի, բնական կտորներից հագուստներ, որոնք ծածկում են մարմինը արևի ուղիղ ճառագայթներից, խմել մեծ քանակությամբ ջուր (առողջ մարդկանց 1.5 լիտր, եթե կա առողջական խնդիր խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի հեղուկի քանակի օպտիմալ քանակը գտնեն)»:
Ն. Բակունցի խոսքով՝ Հանգստացող մարդիկ կամ թոշակառուները, երեխաները, հղի կանայք, ցանկալի է, որ ժամը 12-ից 6-ը նույնիսկ տանը լինելու դեպքում՝ ընդունեն պառկած դիրք. «Եթե նույնիսկ չքնեն, դա օգնում է ավելի լավ շոգին դիմադրել»:
Ն.Բակունցը նշեց, որ բարձր ջերմությունն ինքնին կարող է շատ խնդիրներ առաջացնել: Մարդու օրգանիզմը, որպեսզի պահի իր բնականոն ջերմությունը, ձմռանը ինքն իրեն տաքացնում է, իսկ ամռանը պետք է զովացնի. «Օրգանիզմը զովանում է 88%-ով քրտնարտադրության միջոցով, որի արդյունքում օրգանիզմը կորցնում է ջուր, հեղուկ, շատ քիչ չափով սպիտակուց և աղեր: Մեր խնդիրն է շոգ ժամանակին լրացնել այդ կորուստը, որպեսզի թույլ չտանք օրգանիզմին ջրազրկվել: Պետք է խմել մեծ քանակությամբ ջուր: Օպտիմալ խմիչք է թանը, որովհետև թանի մեջ կա հեղուկ, սպիտակուց և աղեր, որոնք լրացնում են այն պակաը, որն օրգանիզմը կարող է ունենալ շոգի դեպքում»:
Ըստ Ն.Բակունցի՝ շատ օգտակար կարող են լինել նաև տարատեսակ մրգերի հյութերը՝ առանց շաքարի: Նա առաջարկում է շաքար և կոֆեին պարունակող հեղուկները չչարաշահել, նվազեցնել կամ չօգտագործել, որովհետև շաքարը միայն ուժեղացնում է ծարավը և նպաստում է ջրազրկմանը, իսկ կոֆեինը ժամանակավոր խթանում է օրգանիզմի աշխատանքին, բայց հետո օրգանիզմի ռեսուրսը շատ ավելի է ծախսվում, քան առանց կոֆեինի:
Ն. Բակունցը նշեց, որ պետք է փոխել օվա ռեժիմը, ծանր ֆիզիկական աշխատանքը, անել օրվա զով ժամերին՝ կա՛մ առավոտյան, կա՛մ երեկոյան:
Անի Քեշիշյան