Բաժիններ՝

Կարեն Մկրտչյանի պատմության մասին՝ սառը գլխով և չոր փաստերով

Բլոգգեր, Blognews.am կայքի խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դերասան Կարեն Մկրտչյանի բուժման վերաբերյալ երեկ առաջացած աղմուկին։

* * *

Երեկ համացանցում իսկական փոթորիկ բարձրացավ այն բանից հետո, երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը կասկածի տակ առավ դերասան Կարեն Մկրտչյանի ազնվությունը, առաջ քաշեց մի քանի մեղադրանք ու վերջում էլ պահանջեց, որ հրապարակվեն փաստաթղթային ապացույցներ, որ հանգանակված գումարը նպատակային է ծախսվել: Բնականաբար, ֆեյսբուքահայությունը բաժանվեց մի քանի ճամբարների, ովքեր մոլեռանդ վիճում էին իրար հետ, ու այս պատմությանը ավելի ուժեղ ընթացք տալիս: Քանի որ հեղինակի բերած «մեղադրանքները» շատ կոնկրետ էին ու հստակ ձևակերպված, որոշեցի իմ ուժերի ու հնարավորությունների սահմանում ուսումնասիրել դրանցից յուրաքանչյուրը և կազմակերպեցի իմ փոքր «բլոգերական հետաքննությունը»:

Չեմ պատրաստվում դատողություններ անել ու մտավարժանքներ, պարզապես կետ առ կետ կնշեմ այն ամենը, ինչ կարողացել եմ ճշտել ու պարզել:

1. Ախտորոշում

Հեղինակը պնդում էր, որ Կարենի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, ու Գերմանիայում էլ նա բուժվել է այդ ցնցումից: Ուսումնասիրելով մեր մամուլը՝ իրոք գտա հրապարակումներ, որտեղ ասվում էր, որ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշել են հենց ուղեղի ցնցում, իսկ երբ Կարենը գանգատվել է, որ ոտքերը լավ չի կարողանում շարժել. դա վերագրել են նյարդա-հոգեբանական վիճակին:

Սակայն փաստաթղթերում, որոնք ավելի ուշ հրապարակեց դերասանը, պարզ երևում է, որ նրա մոտ ախտորոշվել է միանգամայն ավելի բարդ ու լուրջ խնդիր: Չալարեցի, Google translate-ով թարգմանեցի, ու պարզվեց, որ Կարենը ստացել է ողնաշարի պարանոցային հատվածի բուժում: Չեկերում նշվում է կոնկրետ ախտորոշումը, ու ուղեղի ցնցումի հետ դրանք կապ չունեն:

Ոչ մի դատողություն չեմ անում, ոչ մի եզրահանգում չեմ անում: Եթե Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը համաձայն չէ, որ իրենք սխալ ախտորոշում են արել, թող վիճարկեն կամ էլ մեկնաբանեն: Համենայն դեպս, Գերմանիայի բժիշկները լրիվ այլ բան են ախտորոշել ու լրիվ այլ բան բուժել:

2. Արցախյան պատերազմի մասնակցություն

Հեղինակն ակնարկում էր, որ Կարենը չի մասնակցել պատերազմին: Փորփրեցի համացանցը, կարդացի մեկնաբանությունները ու անգամ դիմեցի ՊՆ մամլո խոսնակին: Համացանցում առկա հրապարակումներից ու Կարենի մտերիմների հայտարարություններից հետևում է, որ Կարեն Մկրտչյանը 16 տարեկանում մեկնել է ռազմաճակատ՝ 1991 թվականին և կռվել է մինչև 1993 թվականը: Հետո վիրավորվել է ու հետագայում չի մասնակցել մարտական գործողություններին: Մեկնաբանություններում կարդացի Կարենի մտերիմներից մեկի պնդումը, որ ինքն անձամբ է ծանոթ Կարենի հրամանատարին ու տեսել է, թե ինչպես են նրան պարգևատրել մեդալով:
ՊՆ-ից ոչ կարողացան հերքել, ոչ էլ հաստատել, որովհետև իմ մատուցած ինֆորմացիան քիչ էր, ու ես չկարողացա գտնել ո՛չ այն, թե որ ջոկատում/զորամասում է կռվել Կարենը, ոչ էլ որտեղ:

Դավադրությունների տեսությունների հետևից չեմ ընկնում, «եթե-ապա» չեմ անում, եզրահանգում չեմ անում: Պարզապես առկա տեղեկատվությունը քիչ էր, հստակ բան իմանալու համար: Կարծում եմ, որ եթե Կարենը կամ նրա մտերիմները հարկ համարեն, կարող են այս հարցն էլ վերջնականապես պարզաբանել, բայց դա իրենց գործն է, մեծ հաշվով:

3. Վիրահատություն արվե՞լ է, և եթե ոչ, ապա ինչո՞ւ այդքան թանկ բուժում եղավ

Հեղինակը պնդում էր, որ վիրահատական միջամտություն չի եղել ու իր տարակուսանքն էր հայտնում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ վիրահատական միջամտություն չպահանջող թերապիան ավելի թանկ նստեց, քան օրգանների ու ոսկրածուծի փոխպատվաստումով վիրահատությունները:

Կրկին փորփրեցի համացանցը ու վիրահատության փաստը «ժխտող» միակ բանն այն էր, որ երբ Կարենը նոր էր մեկնել Գերմանիա ու նրան նախնական զննել էին գերմանացի բժիշկները, Կարենին ասել էին, որ կաշխատեն առանց վիրահատական միջամտության Կարենին ոտքի կանգնեցնել, ինչի մասին էլ պատմել էին Կարենի մտերիմները: Սակայն մոտ երկու ամիս հետո, իսկ ավելի կոնկրետ մայիսի 18-ին Կարենին վիրահատել էին, ինչի մասին վկայում են Կարենի հրապարակած չեկերը:

Որպեսզի հնարավորինս օբյեկտիվ պատկեր ունենամ, ուսումնասիրեցի թե՛ հեղինակի նշած վիրահատությունների գները, թե՛ Կարենի չեկերի տվյալները, և թե այն կլինիկայի կայքը, որը նշվում էր չեկերում: Արդյունքում պարզվեց, որ, այո՛, Գերմանիայում երիկամի ու ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը հենց այն թվերի սահմաններում է, որոնց մասին խոսվում էր, ԲԱՅՑ RKK համալսարանական կլինիկական համալիրը իրոք մատուցում է այն ծառայությունները, որոնք նշված են չեկերում ու վիրահատության մասով էլ նշված էր, որ հիվանդը վիրահատվելու օրով ու դրանից հետևող ժամանակահատվածով հանդերձ, 12 օր ստացիոնար բուժման կուրս է անցնում, իսկ մնացած բոլոր պրոցեդուրաները կարող են արվել նաև ամբուլատոր պայմաններում:

Առանձին խոսքի է արժանի այն բուժհաստատությունը, որտեղ բուժվել է Կարենը. RKK Klinicum կոչվածը մե՜ծ ու մի քանի մասերից բաղկացած համալիր է, որն իր մեջ համատեղում է առողջարանի, բժշկական տուրիստական կենտրոնի, գիտահետազոտական ինստիտուտի ու հիվանդանոցի գործառույթներ: Անմիջականորեն ստացիոնար բուժում Կարենը անցել է 12 օր, մնացած կուրսերը եղել են ամբուլատոր սկզբունքներով ու ներառել են ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական տարբեր միջոցառումներ:


Ծախսերն էլ հաշվելիս, հենվելով հրապարակված չեկերի տվյալների վրա, ստանում ենք 56.000-61.000 (չգիտեի, որ կոնկրետ 5000 եվրո կազմող կանխավճարը առանձին վճարում է, որը հետագայում հաշվի չի առնվում, թե ոչ): Եթե գումարում ենք նաև ընթացիկ մանր ծախսերը ու ինքնաթիռի տոմսերը, ապա մնացորդում մնում է հենց այն թիվը, որը հայտարարել է Կարենը՝ տենց մի 14.000 եվրոյի սահմաններում:

Էլի առանց ինչ-որ վերդիկտների ու գնահատականների՝ ուզում եմ պարզապես միջազգային փորձի վրա հղում կատարել: Այն երկրներում, որտեղ բարեգործության ինստիտուտն ավելի կայացած է, ևս պարբերաբար բախվում են նման իրավիճակների, երբ չարամիտ դիտավորությամբ կամ էլ թյուրիմացությունների վրա հիմնվելով, մարդիկ կասկածի տակ են դնում միջոցների տնօրինումը: Նման իրավիճակներից խուսափելու համար սովորաբար ողջ գործընթացը կազմակերպվում է հնարավորինս թափանցիկ ու հասանելի՝ պարբերաբար ու առանց ինչ-որ պահանջների հրապարակում են թե փաստաթղթերը (չեկեր, էպիկրիզներ և այլն), ինչպես նաև հաշվետվություն, որպեսզի հենց արմատում չորացնեն բարեգործներին, կամ այդ օգնությունը ստացողներին սևացնելու փորձերը, ու պատկերացրեք, որ դա աշխատում է:

4. Անանուն բարերարի օգնությունը մերժելը

Ոչ մի նման տեղեկատվություն չկարողացա գտնել, որ կարող էր որևէ կերպ հաստատել այս ինֆոն: Հավատալ-չհավատալու հարց է, որը յուրաքանչյուր ընթերցող թող իր համար որոշի:

5. Կեղծ կակազելու դրվագը

Խոսեցի տարբեր մասնագետների հետ ու ոչ մի հստակ պատասխան չստացա: Ոմանք ասում են, որ տարօրինակություններ կան, ոմանք էլ ասում են, որ մինչև իրենք չուսումնասիրեն մարդուն ու չիմանան խոսքի աղավաղման պատճառները, չեն կարող ոչ մի բան ասել: Մեծ հաշվով, ընդհանուր հայտարարը հենց դրանում էր՝ մինչև ինքներս չտեսնենք (իսկ դա արդեն հնարավոր չի), ոչ մի բան ասել չենք կարող:


6. Ընկերոջ հետ «կայֆեր անելը»

Կարենի հրապարակած չեկերում պարզ երևում է, որ իրեն ուղեկցող ընկերը հյուրանոցում 17.03-18.04 (մեկ ամիս) ժամանակահատվածում բնակվելու համար ծախսվել է 3730 եվրո, որը օրական կազմում է 100 եվրոյից քիչ ավել, ինչը շատ նորմալ գին է Եվրոպայի համար: Ուրիշ որևիցե ծախս ես չկարողացա գտնել, իսկ հաշվի առնելով, որ չեկերի հանրագումարը տեղավորվում է հենց այն սահմանների մեջ, որ Կարենն է նշել, ինչպես նաև այն, որ մի 2-3 հազար եվրոյով Եվրոպայում ոչ թե 4 ամիս, այս սկի 4 օր նորմալ «կայֆեր» չես անի, անձամբ ես համարում եմ այս մեղադրանքը զուտ հեղինակի ֆանտազիայի արգասիք:

Թերևս այսքանը: Ինչպես և նշել էի, ցանկություն չունեմ ինչ-որ դատողություններ ու եզրահանգումներ անելու: Նշածս տեղեկատվությունը հանգիստ կարող է գտնել յուրաքանչյուրը՝ օգտվելով համացանցից: Վերջում միայն կավելացնեմ, որ Կարենին շուտափույթ առողջացում եմ մաղթում ու հետագայում նման «շառերից ու փորձանքներից» հնարավորինս հեռու մնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս