Ալեքսանդր Արզումանյան. «Հույս ունեմ, որ Հայաստանի անդամակցումը հավերժ կհետաձգվի»
Ինչո՞ւ հետաձգվեց Եվրասիական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը` հաշվի առնելով այն, որ Աստանայում որոշվել էր Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր խնդիրները լուծել մինչև հուլիսի մեկը:
Հայաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով այս հարցին, հույս հայտնեց, որ Հայաստանի անդամակցումը հավերժ կհետաձգվի:
Քաղաքական գործչի մեկնաբանությամբ` Հայաստանը, որպես պետություն, ո´չ տնտեսական, ո´չ քաղաքական առումով հետաքրքիր չէ Մաքսային միության երկու երկրների` Բելառուսի և Ղազախստանի համար:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, վերջինը ձգտում էր Հայաստանը միացնել Եվրասիական տնտեսական միությանը` ելնելով ավելի շատ իր քաղաքական հավակնություններից, բայց Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր էր Ուկրաինայի մասնակցությունը, ինչը չեղավ:
«Մեր չանդամակցումը կամ գործընթացի ձգձգումը լիովին կապված է այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանի գլուխը շատ խառն է, և Ռուսաստանին այժմ ավելի շատ մտահոգում են իր հարաբերությունները Արևմուտքի հետ և ուկրաինական թնջուկը հարթելու հարցերը: Դրանից հետո կարող են մտածել:
Կարծում եմ` շատ չի ձգձգվի: Հնարավոր է` այնտեղ տեխնիկական խնդիրներ կան, ավելին` Ռուսաստանն այսօր փորձում է Ուկրաինայի չմիանալու բացը լրացնել` նաև Ադրբեջանին ինչ-որ կերպ ներքաշելով և նրա տնտեսական ռեսուրսը հաշվի առնելով: Կարծում եմ` այս պահին Ռուսաստանին նույնպես պետք չէ լրացուցիչ գլխացավ` կապված Ղարաբաղում մաքսակետ դնելու կամ չդնելու հետ:
Այնպես որ, Ռուսաստանը փորձում է ճշտել իր հարաբերությունները բոլոր գործընկերների հետ և հետո որոշել` ում է պատժելու, Ադրբեջանի՞ն` չմտնելու համար, թե՞ Հայաստանին` իրեն շատ անկախ պահելու համար»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը: