Ալեքսանդր Արզումանյանը`Ռոբերտ Քոչարյանին. «Մաղթում եմ` վայելի իր թոշակը»
Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը մաղթում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին վայելել իր «թոշակը» և այլևս չվերադառնալ ակտիվ քաղաքականություն:
Այսօրվա ասուլիսում պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Ռոբերտ Քոչարյանն ակտիվանա և սկսի համագործակցել ոչ իշխանական չորս ուժերի հետ, վերածնված ՀՀՇ-ի հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց. «Ինքը Ռոբերտ Քոչարյանը ժամանակին շատ լավ բնութագրել էր իր կարգավիճակը` որպես երիտասարդ թոշակառու:
Մաղթում եմ` վայելի իր թոշակը, մանավանդ որ այդ թոշակին այդ տարիների ընթացքում, կարծում եմ, հավելյալ կուտակել է բավականին մեծ գումարներ: Մենք այսօր նաև «վայելում ենք» իր պաշտոնավարման տասը տարիների արդյունքը: Այդ առումով` չեմ կարծում, որ նա անելիք կամ ասելիք ունի, և չեմ կարծում, որ հասարակության, ընտրողի հիշողությունն այնքան կարճ է, որ մոռանալու է Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունների մասին: Մեր կուսակցությունը չի պատկերացնում համագործակցության որևէ եզր Ռոբերտ Քոչարյանի հետ»:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` ԱԺ պատգամավոր Արզումանյանն ասաց, որ, ցավոք սրտի, քաղաքական դաշտն այսօր «լղոզված է», և ինքն իր հիմնական հույսը կապում է քաղաքացիական շարժման հետ, որովհետև թե´ Արաբական աշխարհում` «արաբական գարնան», թե´ Ուկրաինայում` «Մայդանի» շարժման ժամանակ գերիշխողը եղել է քաղաքացիական հասարակությունը, ոչ թե քաղաքական ուժերը:
«Ցավոք սրտի, առայժմ անջատ-անջատ դրսևորումներ ենք տեսնում, համակարգված շարժում դեռևս չկա»,- քաղաքացիական շարժման մասին նշեց նա:
Ալեքսանդր Արզումանյանը շեշտեց, որ վտանգավոր է համարում քաղաքական և քաղաքացիական դաշտերի միջև շինծու խանդը, ինչը վնասում է իշխանության դեմ ընդհանուր շարժման կազմավորմանը, որովհետև իրենք բոլորը պայքարում երկրի ինքնիշխանության պահպանման համար և բոլոր պետք է մտածենք քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին:
Անդրադառնալով խորհրդարանական չորս ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» և Դաշնակցության, այլ կերպ ասած` «քառյակի» հետ համագործակցության հնարավորությանը` ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահն ասաց, որ իրենց առաջարկ չի արվել, ավելին` ՀՀՇ-ի համար անընդունելի է այդ ուժերի կողմից «ընդդիմադիր» բառը քաղաքական բառապաշարից հանելը և այն «ոչ իշխանական» եզրով փոխարինելը:
«Քառյակի ձևաչափում կան կուսակցություններ, որոնք մշտապես հայտարարել են, որ առանց լիակատար իշխանափոխության երկրում որևէ բան չի փոխվի, և իրենց իսկ բնութագրմամբ` ոչ լեգիտիմ, ավազակապետական իշխանություններից պահանջում են անել ինչ-որ բարեփոխումներ, ինչը մի քիչ հասկանալի չէ:
Ես և մեր կուսակցության անդամները, որպես քաղաքացի, 88 թվականից եղել ենք պայքարի բոլոր դրսևորումներում և լինելու ենք ցանկացած միջոցառմանը: Լինի ցույց, երթ, հանրահավաք, որը միտված կլինի Հայաստանի իրավիճակը բարելավելուն, անպայման կմասնակցենք` որպես շարքային մասնակիցներ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: