
Master class` հայաստանյան գինեգործների և կոնյակագործների համար

Երևանում անցկացվեցին գինեգործության և կոնյակագործության ոլորտի մասնագետների համար կազմակերպված վարպետության դասընթացներ
Հունիսի 27-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Արդյունաբերության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեցին վարպետության դասընթացներ գինեգործության և կոնյակագործության ոլորտի մասնագետների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների և դասախոսների համար:
Դասընթացների նպատակն էր` բարձրացնել գինեգործության և կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական հմտությունները և որակավորումը:
Վարպետության առաջին դասը/հունիսի 27-ին/ անցկացրին գինեգործության և կոնյակագործության ոլորտների օտարերկրյա առաջատար մասնագետներ Էմիլիո էլ Մեդիկոն և Սամվել Չաիլյանը, ովքեր ներկայացրին «Լաբորատորիայի հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով. թողարկվող արտադրանքի համար անհրաժեշտ սարքավորումները և դրանց կիրառությունը», «Արտադրության որակի վերահսկողության նոր մեթոդները գինեգործությունում և կոնյակագործությունում» թեմաները:
Դասախոսության ընթացքում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում, մասնակիցներին ընձեռվեց նաև փորձի փոխանակման հնարավորություն:
Հուլիսի 7-ին, տեղի ունեցավ երկրորդ դասընթացը, որի թեմաներն էին` «Ժամանակակից գինեգործության միտումները» (դասավանդող` Գարուշ Սամվելյան), «Գինեգործական արտադրանքի զգայորոշման ցուցանիշների փորձաքննություն» (դասավանդողներ` Վահե Քոշգերյան, Իրինա Ղափլանյան):
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին աշխարհում հայտնի գինիների հիմնական տեսակները և դրանց առանձնահատկությունները. մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսելու ֆրանսիական, իտալական, ավստրալական և արգենտինական գինիների 12 տեսակ:
Հուլիսի 8-ին անցկացվեց վերջին դասընթացը` «Բույրերը գինիների մեջ» թեմայով, որը վարեց ֆրանսիացի մասնագետ Ժան-Բատիստ Սուլային: