Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալին դատարան են տեղափոխել պատգարակի վրա
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի պաշտպանը կարծում է, որ Վ. Հովհաննիսյանը պետք է ներգրավվեր որպես տուժող: «Ինքն էր ստացել հրազենային վնասվածքներ: Եվ դեպքի, այդ վեճի ժամանակ (որի մասին ես մամուլից եմ նեղեկացել, նախաքննության գործերին տեղյակ չեմ…), որ դիտվում է որպես խուլիգանություն, իմ պաշտպանյալը եղել է մեքենայի մեջ»,- ասաց Վ. Հովհաննիսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Վ. Հովհաննիսյանին հուլիսի 4-ին մեղադրանք է առաաջդրվել խուլիգանության համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ հրազենային վնասվածք ստանալուց հետո ստացիոնար բուժում է անցել հիվանդանոցում. «2014թ. հուլիսի 3-ին վարույթն իրականացնող մարմինը՝ քննիչը, ձերբակալման արձանագրություն է գրում, համաձայն որի՝ 2014թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում Կենտրոնական քննչական բաժնում ձերբակալեցին Վալերի Հովհաննիսյանին: Այդ ժամանակ Վալերի Հովհաննիսյանը եղել է հիվանդանոցում: Եվ ի՞նչ է ստացվել: Ըստ էության, նախապես պատրաստելով արդեն ձերբակալման արձանագրությունը՝ այլ լիազոր մարմինը՝ ի դեմս ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների, փորձ են կատարում արդեն 2014թ. հուլիսի 3-ին, որպեսզի գան և Վալերիկին հիվանդանոցից բերման ենթարկեն բաժին: Այնքանով, որքանով որ վերջինս ունեցել է առողջության հետ կապված խնդիրներ, տվյալ պատասխանատու բժիշկը թույլ չի տվել, որպեսզի իրականացնեն այդ գործողությունները: Արդյունքում` ստացվում է, որ Վալերի Հովհաննիսյանը, գտնվելով հիվանդանոցում, ձերբակալման արձանագրությունից երևում է, որ իրեն Շենգավիթի համապատասխան բաժանմունքում արդեն ձերբակալել են: Էպոպեյան շարունակվում է: Հաջորդ օրը՝ 2014թ. հուլիսի 4-ին, քննչի հրավերով, զանգով, որ քննչական գործողություններ պետք է իրականացնեն Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ, որը, ինչպես նշեցի, գտնվել է հիվանդանցում, որպես վերջինիս շահերի ներկայացուցիչ, փաստաբան, գնում եմ հիվանդանոց: Նախ հիվանդանոցում վերջինիս սենյակում տեսնում եմ քաղաքացիական հագուստով մի քանի անձանց: Ճշտում եմ, որ վերջիններս քրեական հետախուզության աշխատակիցներ են: Խնդրում եմ, որպեսզի իրենք դուրս գան, որպեսզի առանձին կարողանամ զրուցել իմ պաշտպանյալի հետ: Վերջիններս հրաժարվում են: Մոտ 10 րոպե սպասելուց հետո, երբ քննիչը ժամանում է, քննիչի միջամտությունից հետո կարողանում եմ իմ պաշտպանական գործողություններն իրականացնել Վալերի Հովհաննիսյանի հետ: Դրանից հետո քննիչը ներկայացնում է, որ պետք է կատարեմ քննչական գործողություններ: Ասում եմ՝ հարգելի´ պարոն քննիչ, արդյոք իմ պաշտպանյալն ի վիճակի՞ է ենթարկվելու քննչական գործողությունների, եթե գտնվում է ինտենսիվ բուժման մեջ: Հրավիրում ենք հերթապահ բժշկին: Հերթապահ բժիշկը տալիս է գրավոր տեղեկանք, կարդում եմ՝ ֆիքսված է ժամը 17:45 րոպե: Մեր գործողությունները կատարվում են այդ ժամանակահատվածում: Հերթապահ բժիշկը տալիս է հետևյալ գրավոր տեղեկանքը, որ գտնում եմ, որ տվյալ պահին քննչական աշխատանքները նպատակահարմար կլինի հետաձգել: Այսինքն՝ հատուկ գիտելիք ունեցող մասնագետը՝ բժիշկը, ասում է, որ Վալերի Հովհաննիսյանի վիճակն այնպիսին է, որ քննչական գործողություններ կատարել նպատակահարմար չէ: Քննիչը, անտեսելով այս տեղեկանքը, տալիս է մեղադրանք առաջադրելու որոշում և միջնորդություն, որպեսզի դատարանում վերջինիս խափանումը լինի կալանքը: Հրավիրում են շտապօգնության բրիգադ, որովհետև Վալերի Հովհաննիսյանն ի վիճակի չէ քայլելու, Վալերի Հովհաննիսյանի կողքից աղիքը բաց վիճակում դրած, ճնշումը բավականին բարձր, բացարձակ չի գիտակցում իր գործողությունների վերաբերյալ, թե ինչ գործողություններ պետք է կատարի: Ժամանում է շտապօգնության այդ բրիգադը, պատգարակի վրա Վալերի Հովհաննիսյանին տանում են դատարան: Դատական պրոցես է գնում, և քննում են մի մարդու վերաբերյալ գործ, որը կիսաանգիտակից վիճակում է՝բժշկի հսկողության ներքո, բժիշկն ասում է, որ ճնշման տատանումն այնքան բարձր է, որ չեմ կարողանում կարգավորել, ունի տաքություն և անգիտակից է… Նախագահող դատավորը հարց է տալիս, որպեսզի անուն ազգանունը գոնե ճշտի, վերջինս չի կարողանում անգամ շրթունքները շարժել, որպեսզի արտաբերի: Այդ վիճակում քննում են մի մարդու վերաբերյալ գործ և որոշում են, որ նա կարող է խուսափել նախաքննության մարմնից, կարող է խանգարել նախաքննության մարմնին և դատարանը Մոտ 4-4.5 ժամ, պատկերացրեք, մոտ կես էջանոց որոշում է քննարկում»: Լևոն Բաղդասարյանն ասաց, որ մի քանի անգամ դատական նիստն ընդմիջվել է Վալերի Հովհաննիսյանի առողջական վիճակի պատճառով, Կենտրոն և Նորք-Մարաշ վարական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը որոշել է, որ նրան պետք է կալանավորել:
«Մեր հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, Եվրոպական կոնվենցիան հղում է՝ երբ անձի վերաբերյալ առաջադրում ես մեղադրանք, անձն ինքը պետք է այնքան հասու լինի, որ կարողանա գիտակցել, որ կարողանա ստորագրել, հարցերին պատասխանել»,- ասաց Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ նման պայմաններում դատական ակտ կայացնելը, եթե անձը չի գիտակցում՝ ինչում են իրեն մեղադրում, հակասում է մեր հիմնական օրենքի դրույթներին. «Պատկերացրեք, դատական պրոցեսում պատգարակի վրա պառկած քննում են մարդու գործ: Եվ այդ հրատապությունը, այդ, իմ կարծիքով, անօրինական գործողությունները բխում են նրանից, որ ըստ էության, լիազոր մարմինը շուտափույթ ինչ-որ գործառույթներ է ցանկանում իրականացնել՝ իմ կարծիքով խախտելով օրենքի մի շարք դրույթներ: Ես նաև տեղեկացնեմ, որ այս էպիզոդի հետ կապված առանձին գնալու ենք Եվրոպական դատարան»: Փաստաբանը հիշեցրեց, որ երբ Ռուսաստանում Հրաչյա Հարությունյանին խալաթով բերեցին դատարան, մեծ աղմուկ բարձրացրին Հայաստանում, որովհետև չի կարելի մարդու ստորացնել, նսեմացնել՝ անկախ նրանից, որ նրա գործողությունների արդյունքում մարդիկ են տուժել. «Նույնը՝ այս դրվագով: Անգամ եթե պայմանական վերցնում ենք, որ կատարել է հանցագործություն, բայց հանցագործության հետ կապված մեղադրանք առաջադրելուց արդյոք նա չպե՞տք է գիտակցեր: Եվ ինչ ստրկացուցիչ վիճակում է մարդը հայտնվում, երբ պատգարակի վրա, կիսակենդան վիճակում քննում են վերջինիս վերաբերյալ գործ»:
Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ ինքը որպես պաշտպան չի կարողացել տեսակցել Վալերի Հովհաննիսյանին, որպեզի տեղեկացնի մեղադրանքի որոշման, խափանման միջոցի ընտրության և դրա բողոքարկման ցանկության մասին. «Եվ գիտե՞ք ինչո՞ւ: Երեկ եղել եմ վարույթ իրականացնող մարմնի՝ քննիչի մոտ, ասում է՝ խնդրում եմ վաղը եկեք: Այն դեպքում, երբ օրենքի ուժով արդեն ես պետք է կարողանայի տեսակցել իրեն: Դա ևս ինձ համար բերում է հետևյալին, որ փորձում են մեկուսացնել այսօր Վալերի Հովհաննիսյանին, միայն նրա համար, որպեսզի կատարեն որոշակի գործառույթներ, իրեն հարմար մեղադրանքը կարելու և հետագա հարցերի հետ կապված»: Լևոն Բաղդասարյանն ասաց, որ ոտնահարվել է իր՝ որպես փաստաբանի իրավունքը, ինչի մասին ինքը տեղեկացրել է լիազոր մարմնին:
Մեր հարցին՝ արդյոք դատարանի որոշումը, որտեղ նշված է, որ Լևոն Բաղդասրյանն իրականացրել է Վալերի Հովհաննիսյանի շահերի պաշտպանությունը, բավարար չէ՞ր իր պաշտպանյալին տեսնելու համար, արդյոք այդ դեպքում անհրաժե՞շտ էր քննիչի գրությունը, փաստաբանը պատասխանեց. «Միանշանակ կար: Ընթացակարգն այդպես էր, մեկ: Եվ երկրորդը՝ Վալերի Հովհաննիսյանն ունի նաև այլ փաստաբան. որոշման մեջ վերջինիս անուն ազգանունը չկար, այսինքն՝ մենք արել ենք աշխատանքի բաժանում, և տվյալ դեպքում մեր՝ փաստաբաններիս գործողությունն, ըստ էության, սահմանափակվել էր մինչև երեկվա դրությամբ»: