Բաժիններ՝

Վահան Համազասպյան. «Իրանը կմասնակցի Արևային սարքերի բազային գործարանի կառուցմանը, որի արժեքը 8 մլն դոլար է»

Հայաստան-Իրան գիտական և արդյունաբերական համագործակցության կազմակերպության համանախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանի հետ հանդիպման, Իրան- Հայաստան արևային էներգիայով աշխատող տեխնիկական սարքերի արտադրության, Իրան-Հայաստան արդյունաբերական և գիտական նոր համագործակցության և թանկացող գազին ու էլեկտրաէներգիային այլընտրանք հանդիսացող «Ախթամար» համակարգի մասին:

Վահան Համազասպյանը խոսելով ԻԻՀ դեսպանի հետ հանդիպման ու քննարկված հարցերի մասին՝ ասաց, որ համաձայնության են եկել արևային էներգիայի տեխնիկան երկու երկրներում կազմակերպելու հարցի շուրջ: «Պայմանավորվեցինք, որ կառուցելու ենք արևային սարքերի գործարան, երկու երկրների համար էլ` մեր տեխնոլոգիաներով, իրենց փողերով: Սակայն մեր լրագրողներից մեկը` Հակոբ Բադալյանը, հոդված էր գրել մեր հանդիպման մասին, որտեղ ներկայացրել էր սեփական կարծիքն այն մասին, թե իբր Իրանը հայտարարում է, որ պայքարում է ռուսական գազի դեմ: Նման խոսակցություն չենք ունեցել: Իրանի դեսպանատունն էլ անհանգիստ էր, որ այս գործին քաղաքական երանգ են տալիս: Մենք հիմնականում խոսել ենք գյուղմթերքների` արևային տեխնոլոգիաներով մշակման մասին: Իրենք ունեն հսկայական գյուղատնտեսական պոտենցիալ, և եթե մենք կարողանանք այդ մթերքները վերամշակել արևային տեխնոլոգիաներով ու հանել եվրոպական, ռուսական ու ամերիկյան շուկա, որոնք շատ բարձր են գնահատում նման տեխնոլոգիաներով պատրաստված սննդամթերքը, ապա շատ կշահենք»,- ասաց Վահան Համազասպյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե մոտավորապես ի՞նչ արժեք ունեն արևային մարտկոցները, Վահան Համազասպյանը պատասխանեց. «Խոսքն արևային ջերմային էներգիա ստանալու մասին է` տների ջեռուցման, ջերմային կայաններ ստեղծելու և տարբեր գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար: Սերիական արտադրության գինը նախատեսվում է 100 դոլար՝ 1կվտ/ժամի դիմաց»:

Իսկ իրանցիները որքա՞ն ներդրում են պատրաստ կատարել այս նախագծում: Ըստ բանախոսի՝ բազային գործարանն արժե 8 մլն դոլար, սակայն, թե դրա որքա՞ն մասն է պատրաստ վճարել Իրանը, նա դժվարացավ պատասխանել:
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս