Մաքսային միություն մտնելով` հայերի համար չեն ստեղծվի հատուկ պայմաններ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը հայտնեց, որ Հայաստանի պետական միգրացիոն ծառայությունը փորձում է օգնել հայ միգրանտներին, որոնց մուտքը Ռուսաստանի դաշնություն արգելափակվել է ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխության պատճառով: «Ինչ կարող են անել իրենք որևէ անկախ պետության օրենսդրական համակարգում: Պետք է լինի բարի կամք, բայց այստեղ միայն բարի կամքով էլ չի կարող լինել: Հայաստանի միգրացիոն ծառայությունն աշխատում է որոշակի մարդկանց հետ: Նույնիսկ ինչ-որ մի փոքր քանակի՝ մի քանի տասնյակ մարդիկ մտել են»:
Ռուբեն Եգանյանը չի համարում, որ Մաքսային միություն մտնելով հայերի համար կստեղծվեն հատուկ պայմաններ. «Ընդունվել է դումայի օրենք, այդ օրենքը մտել է ուժի մեջ: Հատուկ պայմաններ հայերի համար չեն ստեղծվի: Եթե անեն, պետք է պատասխան տան մոլդովացի միգրանտին, ղրղզ միգրանտին: Երբ որ դա ինչ-որ տեղ կհրապարակվի, երբ կլինեն գրանցված դեպքեր…»:
Ժողովրդագրի խոսքերով՝ ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխությունը էապես չի հեշտացնում հայ միգրանտների վիճակը. «Անընդհատ ինչ-որ թղթակցություններ կատարվում են, բայց էական որոշման մասին ես անձամբ տեղյակ չեմ: Ես գիտեմ, որ առայժմ իրավիճակը մնում է նույնը»:
Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությունն այն տասը ծառայություններից մեկն է, որոնք ունեն իրավունք քաղաքացիների մուտքն իրենց երկիր արգելափակելու: «Ազգային անվտանգության ծառայությունը, ներքին գործերի վարչությունը, ճանապարհային ոստիկանությունը. բոլորն ունեն այդ իրավունքը Երկու և ավելի վարչական խախտման դեպքում իրենք լիազորված են տվյալ մարդու՝ որպես անօրինապահ միգրանտի մուտքը պետություն 3 տարով արգելափակել»,- ասաց Ռուբեն Եգանյանը:
Ռ. Եգանյանը հավելեց, որ նոր, պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք հայ միգրանտները չունեն, «քանի որ այնտեղ հստակ գրված է՝ կարող են դիմել այն մարդիկ, որոնք իրենք, կամ իրենց ծնողները, որևիցե ժամանակ ապրել են, բնակվել են Ռուսաստանի Դաշնության ներկայիս սահմաններում: Ռուսաստանի օրենքները շատ հետաքրքիր ձևակերպումներ ունեն։ Երբ սկսեցին այս օրենքի մասին քննարկումները, օրենքում ասվում էր՝ բոլոր այն մարդիկ, նախկին ռուսական կայսրության, Խորհրդային Միության սահմաններում: Հետո նեղացրին. այս արտահայտությունը թողնելով ստորակետ դրեցին և ավելացրեցին՝ ներկայիս Ռուսաստանի սահմաններում»:

Բավական Ափիցարյան

Տեսանյութեր

Լրահոս