Մենք կարծում ենք, որ բանակցությունների պոտենցիալը դեռ սպառված չէ. Իլհամ Ալիև
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օտար երկրներում Ադրբեջանի դեսպանների հետ հավաքի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն օգտագործում է քաղաքական ու տնտեսական գործոններ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանն ընդլայնում է իր պոտենցիալը և «ունակ է» խնդիրը լուծել ռազմական ճանապարահով. «Սակայն մենք կարծում ենք, որ բանակցությունների պոտենցիալը դեռ սպառված չէ: Օգտագործելով քաղաքական, տնտեսական ու ռազմական ճնշումը՝ մենք ձգտելու ենք նրան, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով:
Մեր տնտեսական, քաղաքական ու ռազմական պոտենցիալը բավականաչափ ուժեղ է, և այդ գործոնը դրական դեր կխաղա բանակցություններում: Հակամարտությունը չի կարող մնալ սառեցված վիճակում:
Մեզ մոտ այնպիսի կարծիք է ձևավորվում, որ այդ (ղարաբաղյան) հարցով զբաղվող միջնորդներն ավելի շատ շահագրգռված են նրանում, որ իրավիճակը պահպանեն ներկա տեսքով: Նրանց հիմնական հետաքրքրությունը կայանում է նրանում, որ չխաթարվի տարածաշրջանի կայունությունը, չլինի պատերազմ:
Մենք նույնպես խաղաղություն ենք ցանկանում: Սակայն միևնույն ժամանակ մենք ցանկանում ենք մեր հողերը»: Ալիևը կարծում է, որ հակամարտությունը պետք է կարգավորել արմատապես. «Հարցի մասնակի լուծուըմը միայն փուլ է: Մենք չպետք է մոռանանք հիմնական նպատակի՝ տարածքների վերադարձման մասին»:
Ալիևը տվյալ հարցում դեսպանների հիմնական առաջադրանքներից մեկը համարել է միջազգային հանրությանը Ղարաբաղյան հակամարտության մասին «իրական փաստեր հասցնելը»: