Բաժիններ՝

Երևանյան բակերից մեկում թղթախաղն ավարտվել էր ողբերգությամբ. Դատարանը հրապարակել է վճիռը

Դատարանը 50-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել անզգուշությամբ մահ պատճառելու մեջ և դատապարտվել 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով դատարանը պարզել է, որ նա Երևանի շենքներից մեկի բակում տեղադրված զրուցարանում թղթախաղի ոչ ճիշտ խաղալու պատճառով վիճաբանել է 78-ամյա տղամարդու հետ: Վերջիններիս միջև քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում տղամարդը հրել է 78-ամյա տղամարդուն, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել ու գլուխով հարվածել զրուցարանի մետաղական կառուցվածքներին, որի հետևանքով նա ստացել գանգուղեղային փակ վնասվածք: Վերջինս իրենց բակ ժամանած «շտապ օգնության» ավտոմեքենայով հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց ու գնացել է տուն: Հաջորդ օրը «գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում» ախտորոշմամբ նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Առաջին ատյանի դատարանի վճռում նշված է, որ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և հրաժարվել ցուցմունք տալուց: Նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը նույնպես իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչել և բարիդրացիական հարաբերությունների մեջ է գտնվել հարևանությամբ բնակվող 78-ամյա տղամարդու հետ: Դեպքի օրը զրուցարանում թղթախաղ խաղալիս սխալ խաղալու պատճառով 78-ամյա տղամարդը վիճաբանել է իր հետ, այնուհետև կանգնած վիճակում սկսել են քաշքշել միմյանց: Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով ներկաներից մեկը ամոթանք է տվել տղամարդուն և կանգնելով իրենց մեջտեղը փորձել է բաժանել: Այդ ժամանակ տղամարդը շարունակել է քաշել իր հագուստներից, և նրա ձեռքերից ազատվելու նպատակով աջ ձեռքով հրել է տղամարդու կրծքավանդակի շրջանից, ով հավասարակշռությունը կորցնելով աջ կողքի վրա ընկել է զրուցարանի մետաղյա նստարանին և հավանաբար գլխով հարվածել է մետաղյա նստարանին կամ զրուցարանի մետաղյա ցանկապատին: Դրանից անմիջապես հետո գնացել է տուն, քանի որ իրեն լավ չի զգացել: Երեկոյան իմացել է, որ տղամարդու համար շտապօգնություն են կանչել, սակայն վերջինս հրաժարվել է գնալ հիվանդանոց: Հաջորդ օրն առավոտյան բակի ընդհանուր խոսակցություններից տեղեկացել է, որ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել գլուխը, սակայն մի քանի օր անց վերջինս հիվանդանոցում մահացել է: Բակի ընդհանուր խոսակցություններից տեղեկացել է նաև, որ տղամարդը մահացել է գլխի «արնազեղումից»: Դրանից հետո հասկացել է, որ տղամարդը մահացել է իր հրելու և վերջինիս վայր ընկնելու, այնուհետև գլխով զրուցարանի երկաթյա հատվածին հարվածելու հետևանքով: Չի պատկերացրել, որ իր հրելու հետևանքով նա կարող էր ընկնել և որի հետևանքով մի քանի օր անց մահանար: Տղամարդն ր հրելուց հետո գետնին չի ընկել, ընկել է միայն զրուցարանի նստարանի վրա, ինքը չի ցանկացել նրան որևէ վնաս պատճառել:
Ականատես վկան պատմել է, որ թղթախաղի ընթացքում տղամարդու սխալ խաղալու պատճառով ամբաստանյալը նրան դիտողություն է արել, սակայն տղամարդը չի ընդունել սխալ խաղալու հանգամանքը: Այնուհետև տղամարդը տեղից վեր է կացել ու ձեռքերը դեպի ամբաստանյալը պարզած սկսել է նրան ամոթանք տալ, անգամ հայհոյել է, որից հետո ամբաստանյալը նույնպես տեղից վեր է կացել, բռնել տղամարդու հագուստից և նրանք սկսել են միմյանց քաշքշել: Դրանից հետո ներկաներից մեկը նույնպես վեր է կացել, կանգնել նրանց մեջտեղում ու փորձել է նրանց բաժանել: Այդ ընթացքում ինքը տեսել է, թե ինչպես է ամբաստանյալը հրել տղամարդու կրծքավանդակի ձախ հատվածից, որից հետո տղամարդը հավասարակշռությունը կորցրել է ու աջ կողքի վրա ընկել է և գլխի աջ հատվածով հավանաբար հարվածել զրուցարանի մետաղյա ցանկապատին, սակայն տղամարդը գետնին չի ընկել, այդ ընթացքում ասել է. «Վախ-վախ, լավ չեմ»: Դրանից հետո ամբաստանյալը հեռացել է իրենց տուն: Տղամարդը դուրս է եկել զրուցարանից, նրա հետևից գնացել է նաև ներկաներից մեկը ու քիչ անց կանչել է իրեն ու ջուր խնդրել: Ինքը ջուր է տարել, տեսել է տղամարդուն նստած աստիճաններին: Ներկաներից մեկը ջրով լվացրել է տղամարդուն, որից հետո նրան ուղեկցել է զրուցարան: Մոտեցել է նաև տղամարդու կինը: Այնուհետև ինչ-որ մեկը զանգահարել է շտապ օգնություն, որի ժամանելուց հետո ինքը գնացել է տուն: Մի քանի օր անց շենքի բնակիչներից տեղեկացել է, որ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ վերջինս մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս