Բաժիններ՝

ՀՀ ԱԻՆ-ը կոչ է անում խուճապի չմատնվել

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որը նպատակ ուներ պարզաբանել հուլիսի 6-7-ը ՀՀ տարածքում գրանցված թույլ երկրաշարժերի առաջացրած արձագանքը:

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11.13-ին տեղի ունեցած 3 մագնիտուդով (էպիկենտրոնում` 4 բալ) և հաջորդ օրը, ժամը 03.34-ին 4.0 մագնիտուդով (5 բալ) երկրաշարժերը, որոնք զգացվել են բնակչության կողմից, մասնավորապես Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, խուճապ էին առաջացրել բնակչության շրջանում:

Ասուլիսի բանախոս, ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը մասնավորապես ասաց.

– ՀՀ տարածքում տեղի է ունեցել հերթական թույլ ցնցումը: Նորից հիշեցնեմ, թե ինչ է նշանակում 3 բալ: Զգում են նրանք, ովքեր գտնվում են շինություններում, հատկապես` վերին հարկերում։

Դրսում գտնվողների մեծամասնության կողմից այն որպես երկրաշարժ չի ընկալվում։ Նկատվում է առարկաների թույլ ճոճում։

4 բալը շենքի ներսում զգում են գրեթե բոլորը, դրսում՝ քչերը։ Գիշերը ոմանք արթնանում են, ամանեղենը զրնգում է։ Լսվում է պատուհանների և դռների դռռոց։ Կահույքը ցնցվում է, կախված առարկաները նկատելիորեն ճոճվում։ 5-բալանոց ցնցումը տարածքում զգում են բոլորը։ Գիշերը շատերն արթնանում են, կախված առարկաները` նկատելի ճոճվում:

Միայն այս տարի ՀՀ տարածքում գրանցվել է 114 թույլ երկրաշարժ, որոնցից վերջինը տեղի է ունեցել անցած գիշեր: Ցնցմանը հաջորդել է 11 հետցնցում: Սովորաբար տարվա ընթացքում մեր երկրում կարող է գրանցվել 3-ից բարձր մագնիտուդով 2-10 երկրաշարժ, օրինակ` 2007 թ. արձանագրվել է նմանատիպ 10 ցնցում:

Ուժեղ երկրաշարժ տեսած ժողովրդի համար այս դեպքում անհանգստությունը բնական է, սակայն պետք է պատրաստ լինել, իմանալ, թե ինչպես պետք է վարվել նման դեպքերում:

Ծ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը ևս մեկ անգամ մեր համաքաղաքացիներին կոչ արեց սադրանքի չենթարկվել և չտարածել խուճապարարների ասեկոսեները.

– Աշխարհում դեռևս ոչ ոք չի կարող երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում անել` ճշգրիտ նշելով սպասվելիք երկրաշարժի տեղը, ժամն ու ուժգնությունը:

Հիշեցնում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ ՍՊԾ դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս