«Միջին օղակներում բորենիների համաստեղություն է ձևավորվում». Գագիկ Հարությունյան

«Ես շատ ցավում եմ, որ հաճախ մարդիկ Սահմանադրությունից, սահմանադրականությունից, պետականագիտությունից բավական հեռու են։ Նույնիսկ այնպիսիները, որոնք, համոզված եմ, Թումանյանի «Շունն ու կատուն» սկզբից մինչև վերջ չեն կարդացել, դատողություններ են անում Սահմանադրությունից, սահմանադրական զարգացումներից՝ հաճախ նաև ընկնելով այնպիսի պոպուլիզմի հետևից, որ պարզապես նմաններին պատասխանելը իմաստազուրկ է: Խնդիրը շատ ավելի բարդ է, քան շատերը պատկերացնում են, որովհետև եթե մենք հետևում ենք նաև միջազգային միտումներին, ապա գալիս ենք աjն հետևությանը, որ եթե մենք սթափ չգնահատենք իրականությունը և համարժեք քայեր չանենք, վաղը շատ ուշ է լինելու»,- այս մասին Արմավիրում սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկման ժամանակ ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Գ. Հարությունյանի խոսքով՝ միջազգային զարգացումները երկու վեկտորներով են ընթանում՝ ստեղծել իշխանականետրո՞ն, թե՞ մարդակենտրոն սահմանադրություն. սահմանադրություն, որի կենտրոնում մարդն է և ամեն ինչ համապատասխանում է նրա բնական իրավունքներին և ազատությունների՞ն, թե՞ իշխանություն, որի կողմից իրավունքն ու ազատությունը «պարգև է, որը մարդուն կարող են տալ այս կամ այն չափով». «Մեզանում և մյուս նորանկախ երկրներից շատերում Սահմանադրության ստեղծումը կամ առաջին սահմանդրությունների ընդունումը և առաջին քայլերը դրանց զարգացման ուղղությամբ գնացին իշխանակենտրոն սահմանադրության ձևավորման ճանապարհով: Մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Ունենք սահմանադրություն, որը հսկայական դերակատարություն ունեցավ մեր պետականության կերտման գործում, բայց ունենք սահմանադրություն, որը դեռևս չի դարձել մարդակենտրոն, և որքան էլ մենք խոսենք մարդու իրավունքների պաշտպանությունից…. նույնիսկ կառավարությունն է խոսում իրավունքների պաշտպանությունից, երբ առաջին հերթին կառավարությունից պետք է պաշտպանել կամ իշխանություններից պետք է պաշտպանել իրավունքները»:
Գ. Հարությունյանն ասաց, որ չի կասկածում, որ կգտնվի ՀՀ քաղաքացի, ով չի ցանկանա, որ իր իրավունքներն ավելի պաշտպանված լինեն, իշխանությունը սահմանափակված լինի մարդու իրավունքներով, որ մենք ունենանք հստակ գործող արդարադատական համակարգ։
«Ո՞վ չի ցանկանա, որ իր իրավունքները ավելի պաշտպանված լինեն, լինի հստակ գործող արդարադատական համակարգ, իշխանությունն ունենա հանրային իրավական պատասխանատվություն իր գործունեության նկատմամբ։ Որքան այս խնդիրները հստակեցված չեն, նկատի ունեցեք, այնքան ավելի լավ իշխանության համար, որովհետև իշխանության հայեցողության սահմանները, եթե հստակեցված և սահմանափակված չեն, մարդն ասում է՝ այս իշխանությունը տվեցիք ինձ, քանի որ հստակեցված չեն հայեցողության սահմանները, ինչ ուզեմ, ինչպես ուզեմ, այնպես կանեմ: Եվ շատ հաճախ ինչպես ուզում, անում են, իշխանության տարբեր մակարդակներում»,- ասաց Գ. Հարությունյանը՝ նշելով, որ վերին էշելոններում առավել զգաստ են. «Բայց միջին օղակներում, ես, կներեք, շատ հաճախ կոպիտ բառ եմ օգտագործում, ասում եմ՝ բորենիների համաստեղություն է ձևավորվում»:
«Ես համաձայնեցի այս հանձնաժողովը ղեկավարել և մասնակցել այս գործընթացին՝ ելնելով պարզ ճշմարտությունից, տրամաբանությունից: Ես ցանկանում եմ, որ իմ երեխաներն ապրեն այնպիսի երկրում, որտեղ չինովնիկը չի նրա ճակատագիրը որոշում, որտեղ օրենքն է գործում, որտեղ օրենքն իրավական է, որտեղ կա սահմանադրություն, որը սահման է դնում իշխանության, որը տալիս է նաև ազատության հստակ սահմանները, և մարդիկ այդ ազատության սահմաններում կարող են ազատ ապրել և իրենց մարդկային, բանական էությունն իրացնել: Եթե մենք չունենանք այսպիսի սահմանադրական կարգ, ապա պետք է ապավինենք պարզապես իշխողների բարյացկամությանը, իսկ այդ բարյացկամությունը թելադրվում է տարբեր գործոններոով՝ այսօր կա, վաղը չկա, այսօր մի ձևով է դրսևորվում, վաղը բոլորովին այլ ձևով։ Եվ ես վերջերս հեռուստատեսությամբ պարզապես հայտարարեցի՝ ազնիվ խոսքով պետության չես դառնա»,- ասաց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ մեզ այսօր անհրաժեշտ է համարժեք սահմանադրություն:

Տեսանյութեր

Լրահոս