ԱՄՆ-ի թուրքերը 2015 թվականի համար պատրաստել են «գերագույն պլան». Hürriyet Daily News
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գործող թուրքական խոշորագույն խումբը պատրաստել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին հայկական լոբբիստական խմբերի ջանքերին հակազդելու պլան: Այն իրենից ենթադրում է թուրքական քարոզչության իրականացում և հայկական կողմի քայլերին դիմակայում:
Վաշինգտոնում բազավորված Թուրք-ամերիկյան ասոցիացիաների վեհաժողովը (АТАА), որը ստեղծվել է 1979 թվականին, պատրաստել է «գերագույն պլան»՝ «բոլոր ճակատներում հայերի պնդումներին պատասխան տալու համար»:
Ստեղծվելու են «ակտիվիստների կոմիտեներ», որոնք կայցելեն յուրաքանչյուր նահանգի օրենսդիրներին, արշավ կիրականացնեն սոցիալական մեդիայում, կապեր կհաստատեն ավանդական ԶԼՄ-ների հետ, կանցկացնեն օնլայն դասընթացներ և ողջ երկրում ամերիկացիների համար կկազմակերպեն «ցանցային հանդիպումներ»:
Տեղի համալսարանների հետ գործընկերությամբ գումարվելու են առնվազն 20 հատ մեկօրյա կոնֆերանսներ, որոնց կմասնակցեն ԱՄՆ-ում բնակվող հայտնի թուրքեր: Լինելու են նաև հայկական կողմի պնդումների դեմ «ռեակտիվ» պատասխաններ, երբ հայկական կողմի դիրքորոշումները կհրապարակվեն կոնֆերանսներում, ցուցահանդեսներում, վահանակներում: АТАА-ն գրողներին ու հրատարակիչներին խնդրելու է, որ նրանք իրենց գրքերում կամ վավերագրություններում ներառեն թուրքական կողմի պնդումները:
Թուրքական կամպանիայի մեկ այլ ասպեկտն առնչվելու է Կապիտոլիումի բլրին: АТАА-ն PaxTurcica-ի հետ համագործակցելու է Կոնգրեսի անդամների համար համատեղ դասընթացներ անցկացնելու վրա: АТАА-ի փաստաթղթում նշված է, որ իրենք պայքարելու են նաև հայկական «ուրվական կայքերի» դեմ, որոնց նպատակը համացանցում թուրքական պնդումների դեմ պայքարելն է:



