
ԱՄՆ անկախության հռչակագրի բնագրում սխալ է հայտնաբերվել

ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի դասախոս Դանիել Ալենը Ամերիկայի անկախության հռչակագրի բնագրում ավելորդ կետ է հայտնաբերել, որը կարող է ողջ փաստաթղթի իմաստը փոխել եւ «խորը թյուրըմբռնում» առաջացնել, հաղորդում է Telegraph-ը:
Դրա ապացույցը նա համարում է այն, որ հետագա բոլոր հրապարակումներում այդ ավելորդ կետը բացակայում է: «Այդ կետը տպավորություն է ստեղծում, որ ակնհայտ ճշմարտությունների ցուցակն ավարտվում է կյանքի, ազատության եւ երջանկության ձգտման թվարկումով»,-նշել է գիտնականը: Սակայն ոչ պակաս կարեւոր է հաջորդող տեղեկությունն այն մասին, որ այդ ազատություններին հասնելու գործում նշանակալի դեր պետք է ունենա պետությունը:
«Նախադասության տրամաբանությունը պետության կարեւորության ընդգծումն է` որպես մասնավոր իրավունքները պաշտպանող գործիքի: Կետի առկայության դեպքում այդ տրամաբանությունը կորչում է»,-հայտարարել է պրոֆեսորը: