Բաժիններ՝

Արամ Ավետիս. «Ինչո՞ւ ծնել էակ, ով ի սկզբանե չկա և չի էլ լինելու»

Ստեղծագործել ու գրել որևէ չափածո կամ արձակ գործ՝ բոլորն են կարող, բայց դա ամենևին չի նշանակում՝ լինել արվեստի մարդ ու համարվել գրող: Երիտասարդ գրող-կինոգետ Արամ Ավետիսն այն յուրահատուկ ստեղծագործող անհատներից է, ում համար կյանքի փիլիսոփայությունը սկսվում և ավարտվում է Նիցշեով, ով Վիլյամ Սարոյանին համարում է աշխարհի լավագույն գրողներից մեկն ու հիանում է Թումանյանի անսահման գրադարանով:

Գրող, ում էսսեները ստիպում են մտածել ու վերանայել կյանքդ, խորհել կյանքի, մահվան ու այն անհատի մասին, ով այժմ չկա, բայց ծնվելու է, որ մի օր էլ մահանա: Ում ստեղծագործությունները կարդալիս չես կարող մեկ անգամով սահմանափակվել ու, ասես, ցանկանում ես անվերջ կարդալ ու «մարսել» ամեն մի տողն ու բառը:

Արձակագիրը հիմնականում ոչ շատ երկար էսսեներ է գրում ու կարծում է, որ կարևորը խոսքը տեղ հասցնելն է. ծավալը նշանակություն չունի: «Շատ մեծ գործեր դեռ չունեմ գրած, բայց այս ոճը շատ ինձ հոգեհարազատ է. կարևորը՝ կարողանաս այդ փոքր հատվածում դնել քո էմոցիաները, որոնք ոչ միայն քոնն են, այլև ինչ-որ մարդիկ էլ են դրանք զգացել, ու կարողանաս այդ մարդկանց մոտ ինչ-որ բան արթնացնել ու փոխել»,- պատմում է գրողը: Արձակագիրն իր գրական գործերն առաջինն «Անդին» ամսագրում է տպագրել. ավելի շատ՝ որպես կինոքննադատ է տպագրվել ու հույս ունի, որ այս մոտ ապագայում իր էսսեների գիրքը կունենա: Արամին հնարավոր է նաև «Բյուրոկրատ» գրախանութում հանդիպած լինեք. նա սովորելու տարիներին աշխատել է իրեն շատ հոգեհարազատ այդ գրքերի աշխարհում:

24-ամյա Արամը փոքր տարիքից է սկսել ընթերցանությամբ զբաղվել ու հիշում է, որ միշտ տատիկի համար էր կարդում, վերջինս էլ շատ էր սիրում լսել թոռնիկի ձայնը, և հենց նա էլ Արամի մոտ գրականության հանդեպ այդքան մեծ սեր է արթնացրել: Արամը մինչ օրս բարձրաձայն է կարդում, սիրում է կարդալու ընթացքում իր ձայնը լսել. այդպես ավելի հասկանալի է դառնում կարդացածը: Տղան նույնիսկ բանակում էր ժամանակ գտնում ու կարդում իր ծնողների ուղարկած պատճենած գրքերը: Ազատ ժամանակ ոչ միայն ինքն էր վայելում գիրք ընթերցելու հաճույքը, այլ նաև իր հետ ծառայող տղաները:

Կարդացեք նաև

Aram-Avetis1

Արամի կյանքում մեծ դեր է խաղացել Վիգեն Չալդրանյանի հետ կայացած հանդիպումը, որից հետո էլ նա որոշել է ընտրել արվեստի ու կինոյի ուղին: Արամն ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, կինոգիտության բաժինը: «Կինոգիտություն ընտրեցի այն պատճառով, որ կինո շատ եմ սիրում, ու գրականությունն էլ մեջը կա: Կինոգիտությունն այն տեղն է, որտեղ մարդ կարող է զբաղվել և՛ գրելով, և՛ կինոյով: Սա էլ նորից կապված է գրականության հետ: Բայց ես առաջինը գրող եմ, հետո նոր կինոգետ. գրող եմ կյանքի բերումով, կինոգետ եմ մասնագիտությամբ»,- պատմում է Արամը:

Շատ գործեր ունի հենց կինոյի վերաբերյալ, ու իր վերլուծականները «Կինոաշուն» ազգային կինոյի փառատոնին է ներկայացրել, որտեղ Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի» ֆիլմի վերլուծականի համար ստացել է երրորդ մրցանակը, իսկ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար առաջին տեղն է զբաղեցրել: Այլևս ցանկություն չունի մասնակցելու, քանի որ կարծում է՝ մյուսներն էլ պետք է փորձեն իրենց ուժերը ու հնարավորություն ունենան հաղթելու, և, ինչպես ինքն է նշում՝ «եթե մի բանի հասել ես, թող ուրիշներն էլ հասնեն»:

Aram-Avetis2

Երիտասարդ գրողի հետ առնվազն հինգ րոպե խոսելու ընթացքում բազմաթիվ քեզ ծանոթ ու անծանոթ գրողների անուններ կլսես ու ամեն անգամ յուրովի կզարմանաս, թե ինչպես է հնարավոր այդքան գիրք կարդալ ու միևնույն ժամանակ հիշել ու մեջբերել նրանց արտահայտած մտքերը: «Ինչպես մարզիկի համար վազքը կամ ծանրություն բարձրացնելն է մարմինը զարգացնում, այնպես էլ գրողի համար կարդալն է, այսինքն՝ ինչքան շատ ես կարդում, այնքան դու զարգանում ես: Քանի որ ինչքան էլ մենք ունենանք աշխարհի հանդեպ մեր տեսանկյունը, մեր աշխարհայացքը չի կարող շատ մեծ լինել, դրա համար պետք է շատ կարդալ: Այն ամենը, ինչը քո միջով անցնում է, ձևավորում է մի այնպիսի փիլիսոփայություն, որը նոր է սկսվում ու միայն քոնն է: Արվեստում ամենակարևորը քո սեփական ոճն ունենալն է, որ քեզ կարդալով՝ մարդիկ տարբերությունը զգան ու հասկանան, որ հեղինակը դու ես»,- կարծում է գրող Արամ Ավետիսը:

Իրականում Արամը միայն ընթերցանությամբ չի սահմանափակվում. նա շատ շփվող, նրբանկատ ու ակտիվ երիտասարդ է, ով դեմ է այն թյուր կարծիքին, որ գրողները մեկուսացած են իրական աշխարհից, ու կարծում է. «Եթե մարդը գրականությամբ է զբաղվում, ուրեմն պիտի լավ իմանա հոգեբանություն ու փիլիսոփայություն, իսկ դա միայն մարդկանց հետ շփումից կարող ես իմանալ: Գրողներն էլ շատ շփվող ու հասարակ մարդիկ են»:

Երիտասարդ գրողը մեծ ցավ է ապրում, որ այսօրվա մարդկանց մեջ գերակշռում է այն հոգեբանությունը, որ բոլորս ունենք միայն մեկ երջանկություն. եթե մարդ հարուստ է, ուրեմն երջանիկ է: Ու նա իրեն բավարարված կզգա, եթե հիմա կարողանա գոնե ինչ-որ չափով մարդուն դուրս հանել այդ վիճակից ու բացատրել, որ յուրաքանչյուրն անհատ է և ունի իր անհատական երջանկությունը: «Ինձ համար ամենակարևորը մարդու խնդիրն է, ու կապ չունի՝ նա ինչ ազգության է, մարդ պիտի փորձի հաղթահարել ինքն իրեն: Գրողի համար ազգային պատկանելությունը երկրորդական է, գրողը՝ ինքը, աշխարհիկ մարդ է: Ազգայինը շատ լավ է, բայց առաջնակարգ պետք է լուծես մարդկային խնդիրը»,- ասում է Արամը:

Aram-Avetis

Ստեղծագործելու համար ոգեշնչման առիթ Արամ Ավետիսի համար կարող են դառնալ և՛ բնությունը, և՛դրսում պատահական անցորդը, նույնիսկ մեկ բաժակ սուրճը, որ նա շատ է սիրում, իսկ շատ հաճախ էլ նրա համար մուսան կարող է գեղեցիկ կինը լինել: Եթե ինչ-որ մի բան էլ չի հասցնում գրել անմիջական տպավորություններից հետո, երբեք չի հուսահատվում, որովհետև մտածում է՝ այդպես էր ճիշտ, կամ դրա ժամանակը դեռ նորից կգա: Ստեղծագործում է ինքն իր համար, քանզի գրելու պահանջ հաճախ է զգում: «Գրողը չպետք է այլ բաների մասին մտածի. գրում ես, որովհեև դա քո ներքին պահանջն է՝ ինչպես շնչելն ու սնվելը: Ես գրում եմ, որովհետև չեմ կարող չգրել, որովհետև դա ինձ պետք է, բայց չեմ էլ ասում, որ գրում եմ ու ինձ չի հետաքրքրում մարդկանց կարծիքը: Արվեստը հենց դա է, երբ մի բան անում ես, պիտի ներկայացնես. անում ես գործդ ընդունողների ու սիրողների համար, բայց որ ամբողջությամբ տարվես դրանով՝ դա սխալ է: Հաշվի պետք առնել, բայց ոչ այնքան, որ դա սկսի քեզ վրա ազդել»,- պատմում է Արամը:

Այսօր մենք ապրում ենք այն դարում, որ շատ հաճախ զարմանում ենք, թե ինչո՞ւ հիմա մենք էլ չունենք չարենցներ ու սևակներ, գրողներ, ում գործերը կապրեն դարեր, ու սերունդներ կհիանան նրանցով. միգուցե նրանք այսօր էլ կան, պարզապես նրանց ճանաչել է պետք:

Ներկայացնենք Արամ Ավետիսի որոշ էսսեներ, որոնք տպագրվել են «Անդին» ամսագրում:

ՆԻՑՇԵԻ ՏԱՆԸ
Երկար էր ճանապարհը դեպի քո տուն իմ հայր հոգևոր, երկար էր ճանապարհը և անվերջ էր թվում մարդուն իմ հայր հոգևոր, և իմ միակ մուսա: Ես քեզ էի գալիս ոչ հյուր, այլ իմ տունն է դա: Այդտեղ եմ ես ծնվել, այդտեղ ես դու ստեղծել իմ մարմինը, որը հրաժարվում է իր բոլոր բջիջներից, քանզի տառից եմ ստեղծված ինձ զգում: Իմ մայրը արվեստների թագուհին է և կոչում է իրեն գրականություն: Եվ կոչում է իրեն ինչպես կամենա, այսինքն փիլիսոփայություն: Եվ ես գալիս եմ դեպ քեզ, ով հեռվից սնել ես ինձ քո մտքերով, որոնք երբեմն դառն էին ինձ համար, ինչպես պտուղը, որ դեռ խակ է, քո մտքերը, որոնց ծամելով ես հասնում էի պտուղներին վերի, որոնց քաղցրությունը փոխանցելու համար պիտի նախ և առաջ ամեն օր մեռնելու պատրաստ մարդ լինեք, քանզի քաղցր է մահը քնի նման, քանզի քունը դա արվեստն է մահվան:

Քունը դա ամենօրյա մեր մահն է և ինչ ես զգում երազների մեջ, եթե ոչ թռիչք, և ինչ է երազը, եթե ոչ խաղաղություն: Իսկ եթե դու մարդ արարած քնիդ մեջ տեսիլքներ ես միշտ տեսնում և եթե քեզ մարդ արարած քո իսկ երազն է վախեցնում, արթնացիր դու դեռ քնելու իրավունք չունես, իսկ մեռնելու առավել ևս: Արթնացիր, ապրել շարունակիր, զարգացրու հոգիդ և եթե հեռու ապագայում քեզ հոգնած զգաս և հասկանաս, որ արդեն քնել ես ուզում, ուրեմն արդեն կարող ես քեզ մարդ անվանել:
Տարիներս վաղուց շպրտել եմ մի կողմ, նրանք լոկ իմ տողերում են այն հին ապրում, ես հիմա չունեմ տարիք, ես հիմա չեմ սպասում բարիք, ես հիմա չունեմ աշխարհից կարիք, ես գիտեմ ինձ և սա է աշխարհում բացարձակ երջանկությունը: Ես գիտեմ ինձ որպես մի օվկիանոս և չգիտեմ ձեզ և օտար է ինձ նույնիսկ ձեր օվկիանոսի կաթիլը մեկ: Չխառնվեք: Չխառնեք: Ես չեմ ուզում ճանաչել ձեզ: Գիտեմ ինձ և սա է աշխարհում իմ երջանկությունը:

Երկար էր ճանապարհս դեպի քո տուն իմ հայր հոգևոր: Բայց ես արդեն այստեղ եմ և քո մտքի տունը անտեր չէ արդեն: Ես այստեղ եմ քո կողքին: Իսկ հիմա քնիր, քնիր իմ ձեռքերի մեջ և հավերժ քնելուց առաջ հասկացիր, որ երբ որ աստվածները մեռնում են, գերմարդիկ են աստվածներ դառնում:

ՕՐՈՐՈՑԱՅԻՆ
Երբ փողոցը բարձրանում էր վեր և իր հետևից թողնում մի երկար ճանապարհ դեպի անհայտություն, երբ ես բարձրանում էի վեր, թողնելով հեռվում իմ երեկվա օրը, աշխարհը ապրում էր այդ պահին մի սովորական առօրյա, և բառերը բոլոր միայն բերաններից էին հորդում:

Բայց այդ օրը քո բառերը ծնվում էին ոչ բերանից և ոչ էլ քո մարմնի այն հատուկ մասերից, որոնք երբ խոսում են, փակվում են բոլոր բերանները մտածող, բերանները անվերջ բաց, և փակվեցին, փակվեցին աստղերը լուսնի ետևում, երկնքից հիմա նրանք կնետվեն ցած, քանզի բառերդ ծնվում էին ողնաշարից քո արդեն փոքր-ինչ հնացած:
Ինչն է ստիպում ողնաշարին խոսել, միգուցե այն ծանրությունը, որը նա տանում է չիմանալով ինչու հենց նա, երբեմն հարցնում է և դրա համար շատ հաճախ ծռվում, երբեմն լուռ ծամում է, ինչ, դե իհարկե աղ, և դրա համար քարանում, իսկ երբեմն կոտրվում է, կոտրվում վերջին հույսի նման:

Այդ պահին, երբ ողնաշարդ ծռմռելով խոսում էիր ինձ հետ, երբ ողնաշարդ իրեն արգանդ էր զգում, ես փոխվեցի և դարձա այն, ինչ չէի եղել երբեք և ինչ, ես թեքվեցի և տեսնելով ինձ չճանաչեցի, սակայն իմ դեմքով էի ես, սակայն իմ ձայնով էր խոսում նա, բայց ով է այդ ես ու նա-ն: Դու ստեղծեցիր մի նոր էակ իմ դեմքով, իմ ձայնով, բայց դա ես չեմ, ուրեմն այսօրվանից դու ես պատասխանատուն այս նոր էակի:
Մենք բոլորս էլ երեխա ենք եղել ինչ-որ ժամանակ, եթե արդեն երեխա չենք, ուրեմն վաղուց մահացել ենք, իսկ եթե երեխա ենք դեռ, ուրեմն մեր ուղեղի հետ ինչ-որ մի բան այն չէ, բայց որտեղ էր մեր մահը, երբ նոր էինք ծնվել: Մահը մեր ողնաշարն էր, որ արդեն ճկուն չէր և սահմանափակ էր մանկան ուղեղ ունեցող սերնդի համար:
Իսկ հիմա թող իմ ճանապարհը շարունակի իր վերելքը և իմ ճկուն ոտքերը ուղեկցի իրենց ողնաշարից հրաժարվող մանուկների օրորոցը:

ԱՆՀԱՏԻ ԽԱՐԻՍԽԸ
Մուրացկանների բանակը շարժվում է դեպի եկեղեցին և ուզում է փրկություն գտնել նրա մեռած պատերի տակ: Մուրացկանները հասկանում են արդեն, որ իրենց աստվածը հենց իրենց լեզուն է:

Ձեռքս մեկնեցի դեպի նրա ձեռքը, և նա ափը բացեց, որ վերցնի իմ դրամը: Ես քաշեցի ձեռքս ետ, և նա չռեց աչքերը և ուզում էր կարծես ինձ սպանել հայացքով: Ես ասեցի, որ դրամ կտամ փոխանակության կարգով:
– Ինչ ես ուզում ինձանից,- շարունակեց նա:
– Մոտեցիր, ես քո ականջին կասեմ:
Նա գլուխը խոնարհեց և ես մի ափս փողով լեցուն ուղղեցի նրա կողմը, իսկ մյուսով պոկեցի պարանոցից կախված խաչը: Եվ նա խորը շնչեց, և նա փոխվեց, և նա դարձավ հարուստ, և նա կանգնեց: Եվ ափիս մեջ փայտե խաչը դարձավ ադամանդե խաչ:
– Ուզում ես ետ այս գանձը անգին:
– Ես այլևս խաչ չեմ ուզում, նույնիսկ, եթե նա ադամանդի է: Նա խարիսխ էր ինձ համար, և դրա համար գլուխս ծանրությունից միշտ գետնին էր նայում, և իմ հոգին նույնիսկ ներքև էր ձգտում:

Եվ այդ պահին, երբ մենք խոսում էինք, իմ ետևից անցան զույգեր` հարս և փեսա, և հարսանեկան խնջույքը քայլում էր նրանց ետևից և օրհնում իրենց ամուսնությունը:
Մի քանի օրից նրանք կուզենան զավակ: Հիմա այդ զավակը չկա, կծնվի, որ մի օր էլ մահանա: Ես ընդհատեցի մուրացկանի միտքը և ասացի հենվելով իմ հոգու ձայնին.

– Ինչու ծնել մի էակ, ով ի սկզբանե չկա և չի լինելու:

Եվ ինչ է սերը, եթե ոչ անհատի մահ: Ես քեզ սիրում եմ մուրացկան, քանզի մեր սերը անհատ չի զոհում:

– Իսկ եթե նրանք անհատ ծնեն,- հարցրեց մուրացկանը վախեցած:

Ես հավատացի իմ հոգու ձայնին և մշուշի միջից ծնեցի իմ միտքը պայծառ և ասացի.

– Ում է պետք այն անհատը, ով ի սկզբանե չկա և չի լինելու:
Բայց իմ պատասխանը խլացավ` անհատ զոհող սիրո օրհնանքների պատին դիպչելով:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս