Բաժիններ՝

Մանկապարտեզներում զեղչերից օգտվելու ցանկություն շատերն ունեն, իսկ տեղերը սահմանափակ են

asparez.am-ը գրում է. Այս տարվա ապրիլից Գյումրու համայնքային նախադպրոցական հաստատություններում (ՆՈՒՀ) գործում է երեխաներին անվճար ընդգրկելու եւ ծնողական վճարների սահմանված չափի նկատմամբ զեղչեր կիրառելու կարգը: Կարգը Ավագանու նիստում քննարկվել ու հաստատվել էր մարտի 18-ին:

Հաստատված կարգի համաձայն` յուրաքանչյուր նախադպրոցական ուսումնական հաստատությունում, հաճախող երեխաների թվաքանակի մինչեւ 3%-ի չափով, սննդի վճարը փոխհատուցվում է համայնքի բյուջեի միջոցներից: 100%-ով աջակցվում են երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները, իսկ 50 տոկոսի չափով` միակողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող ծնողի երեխաները, սոցիալապես անապահով ընտանիքների՝ նույն մանկապարտեզ հաճախող 1-ից ավել երեխաները (երկրորդ երեխայից սկսած):

Այսօր, ինչպես փոխանցում են համայնքապատկան որոշ ՆՈՒՀ-ից, իրենց մոտ զեղչը կիրառվում է 50 տոկոսի չափով: Հաճախող երեխաների մեջ գերակշռող են անապահով ընտանիքների` նույն մանկապարտեզ հաճախող 1-ից ավել եւ հաշմանդամություն ունեցող ծնողի երեխաները:

«Ժպիտ» մանկապարտեզն ունի 140 սան, զեղչից օգտվում է 8 երեխա` 50 տոկոսի չափով: 153 սան ունեցող «Ծիածան» մանկապարտեզում վարձավճարի զեղչը կիրառվում է 7 երեխայի համար: 6 երեխայի վարձավճար էլ զեղչվում է «Լապտերիկ» մանկապարտեզում` կրկին 50 տոկոսի չափով. այս հաստատությունն ունի 99 սան:

Ընդհանուր առմամբ` վարձավճարի 50 տոկոս զեղչից օգտվող ծնողն ամեն ամիս մանկապարտեզի հաշվեհամարին մուծում է սահմանված վարձավճարից 3000 դրամով պակաս գումար:

Օրինակ` եթե մանկապարտեզի ամենամսյա վարձավճարը 8000 է, (սննդի համար` 6000, կոմունալ ծախսերի համար` 2000), ապա ծնողը մուծում է սննդի համար նախատեսված 6000 դրամի կեսը` 3000-ը, եւ 2000 դրամ էլ մանկապարտեզի կոմունալ ծախսերի համար:

Վարձավճարի նշված 3000 դրամ կազմող զեղչից, սակայն, չեն կարող օգտվել որոշ խմբեր: Արտոնություններ սահմանված չեն միայնակ մայրերի, ամուսնալուծված ընտանիքների երեխաների համար: Մեր տեղեկություններով` թեպետ այս ընտանքիները փորձել են փաստաթղթեր ներկայացնել որոշ մանկապարտեզներում եւ օգտվել վարձավճարի զեղչից, սակայն փաստաթղթերը չեն ընդունվել: Որպես պատճառ նշվել է այն, որ այդ ընտանքիների համար արտոնություններ սահմանված չեն ավագանու որոշմամբ:

Այս առումով ավագանու որոշումը, որի նախագիծը ներկայացրել է Գյումրու քաղաքապետարանը, սահմանափակումներ է դնում, ինչի պատճառով որոշ երեխաներ չեն կարողանում օգտվել կիրառվող զեղչերից:

Զեղչ սահմանելիս՝ որոշ դեպքերում էլ հաստատությունն ու քաղաքապետարանը կանգնում են ընտրության առջեւ: Եթե սոցիալապես անապահով ընտանիքների՝ նույն մանկապարտեզ հաճախող 1-ից ավել երեխաները (երկրորդ երեխայից սկսած) արտոնության համար 2 ընտանիք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնում, ապա արտոնությունը սահմանվում է այդ ընտանիքներից այն մեկի համար, որի ընտանեկան նպաստի միավորը, համեմատաբարմ, բարձր է:

Նկատենք եւս մի հանգամանք. Գյումրին թեպետ նպաստառու ընտանիքների թվով առաջատարներից է հանրապետությունում, այնուհանդերձ, կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով զրկված են ընտանեկան նպաստից, մանկապարտեզում էլ ընտանեկան նպաստ համակարգում ընգրկված լինելու, միավորի մասին տեղեկանք է պահանջվում, իսկ նշված փաստաթղթի բացակայության պատճառով, բնականաբար, երեխան վարձավճարի զեղչից չի կարող օգտվել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս