Հայաստանում Սահմանադրությունն ուղղակի մեր մտքով անցնող մի բան է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է: 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանն ընդունեց իր առաջին Սահմանադրությունը, թեև ընդունել ասվածն, իհարկե, հարաբերական է՝ հանրաքվեի քվեարկության արդյունքների, մեղմ ասած, կասկածելի լինելու պատճառով:
Նորմալ երկրներում Սահմանադրությունն անցնում է կյանքով, ինչի արդյունքում էլ քաղաքացիները գիտեն, թե ինչ է Սահմանադրությունը, ինչ են սահմանադրական իրավունքները, գիտեն, թե ինչն է իրենց պաշտպանում իշխանությունների կամայականություններից:
Սահմանադրական կարգի գերիշխանությամբ երկրներում մարդիկ Սահմանադրության մասին մամուլից չէ, որ տեղեկանում են, և ոչ էլ պաշտոնական տեղեկագրերից:
Սահմանադրությունը նրանց իրավագիտակցական էությունն է, այսինքն` Սահմանադրությունը նրանց մեջ է, և հենց դրանում է այդ փաստաթղթի իրական ուժը:
Հայաստանում Սահմանադրությունն ուղղակի մեր մտքով անցնող մի բան է, ինչպես որ մտքով անցնելով էլ այն փոփոխվել է արդեն մի անգամ՝ ոչնչով չփոխելով մեր կյանքը, ու մի անգամ էլ երևի կփոխվի՝ էլի մեր կյանքը ոչնչով չփոխելով, պարզապես իշխանությունների մտքով է անցել մի անգամ էլ Սահմանադրություն փոխել:
Այս իրավիճակում շատ դժվար է շնորհավորել մեր հասարակությանը մի բանի կապակցությամբ, որը չկա, որը ձև է և չի ստացել բովանդակություն, որը ոչ մի կապ չունի հասարակության կյանքի հետ:
Մյուս կողմից, սակայն, սրա համար պետք է պատասխանատվություն ստանձնի նաև հասարակությունը և վերջապես գտնի սահմանադրական կարգի գալու մեխանիզմները, հանրային կյանքի կազմակերպումը սահմանադրական գերիշխանության տակ դնելու մեխանիզմները:
Այս առումով, ընդունենք, որ թեկուզ ձևական, ելակետն այնուհանդերձ կա: Եվ շնորհավորենք մեր հասարակությանը ելակետի կապակցությամբ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։