«Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցները դիմում են Սերժ Սարգսյանին
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցները 168.am-ին են փոխանցել իրենց բաց նամակը, որն ուղղված է ՀՀ նախագահ պարոն Ս.Սարգսյանին, ՀՀ վարչապետ պարոն Հ.Աբրահամյանին, ՀՀ ԱԺ նախագահ Գ.Սահակյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն նախագահ, Ձեզ են դիմում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցները` հույսով, որ ի դեմս երկրի ղեկավարների, կգտնվի մեկը, ով ի վիճակի կլինի լուծել մեր հանրապետության երբեմնի արդյունաբերական փառքը հանդիսացող, համաշխարհային նշանակություն ունեցող գերհսկա քիմիական արտադրություններից մեկի ներկա անմխիթար, խճճված ու անվերջանալի թվացող խնդիրները:
Ո՞վ է մտածում «Նաիրիտի» հազարավոր հասարակ աշխատակիցների մասին, որոնց համար այս երկրին բնորոշ խղճուկ, բայց կայուն աշխատավարձերը, այնուամենայնիվ, գոյատևման միակ միջոցն են եղել: Կան մարդիկ, ում ողջ կյանքն է կապված «Նաիրիտի» հետ, ուր երիտասարդ տարիքում եկել են աշխատելու, և հիմա, արդեն պատկառելի տարիքում` մատնված են անտարբերության: Ոմանց ընտանիքի բոլոր անդամներն են աշխատում «Նաիրիտում»: Մի պահ պատկերացրեք նրանց վիճակը՝ հարկադիր պարապուրդում գնվելով՝ ամիսներով անաշխատավարձ, թողնված բախտի քմահաճույքին… Կուտակվել են աշխատավարձի պարտքերը, մի քանի ամիսը մեկ, երբ համբերության բաժակը լցված աշխատողները բողոքի ցույցի են դուրս գալիս, մի ամսվա աշխատավարձ է փոխանցվում, մինչդեռ ամսեամիս չվճարված պարտքերն ավելանում են: Մինչև ե՞րբ է շարունակվելու այսպես:
Պարո՛ն նախագահ, հայցում ենք Ձեր միջամտությունը «Նաիրիտի» խնդրի լուծման համար: Արդեն քանի տարի է, մեզ հույսեր են տալիս, որ ահա շուտով ամեն ինչ կարգավորվելու է, ներդրողներ են հայտնվելու, գործարանը վերագործարկվելու է: Սակայն սին են այդ հույսերը: Խնդրում ենք ու պահանջում՝ անել առավելագույնը գործարանը վերագործարկելու և նախորդ ամիսների մեր չստացված աշխատավարձերը վճարելու համար` բարենպաստ, գրավիչ պայմաններ ստեղծել ներդրողների համար, սահմանել հարկային արտոնյալ պայմաններգ
Տնտեսության ծաղկումն է Հայաստանն այս դժվարին վիճակից դուրս հանելու միակ միջոցը»:
Հարգանքով` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցներ