Ահարոն Ադիբեկյան. «Պետությունը մեր դայակը չէ, նա մեր փոքր բալիկն է, մենք ենք նրան կերակրում, պահում, պահպանում, ոչ թե հակառակը»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 1-ին որոշում էր կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով թանկացնելու մասին: Օգոստոսի 1-ից արդեն այդ որոշումը կսկսի գործել, և նախկին 38 դրամի փոխարեն հասարակությունը կվճարի 42 դրամ՝ 1 կվտ-ի դիմաց: Այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի թանկացումը հասարակության որոշ շերտերի և տնտեսության վրա, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Վերջինս նշեց, որ Հայաստանը միջազգային շուկայի անդամ է, և չի կարող պատահել, որ մեզ մոտ գների լուրջ տարբերություն լինի միջազգային գներից. «Խնդիրն այն է, որ գները պետք է բարձրանան, բայց մեր աշխատավարձերն են ցածր, չեն բարձրացնում, որ կարողանանք բավարարել մեր կենցաղային ծախսերը: Եթե մենք դեռ 18 տարի առաջ կիրառեինք առաջարկը՝ օգտագործել արևի ջերմությունը կենցաղային կարիքների համար, այդ գների բարձրացումը մեզ վրա չէր էլ ազդի: Բայց մենք պատմությունից դասեր չենք քաղում և շարունակում նույն սխալները գործել»:

Համեմատություն անցկացնելով արտասահմանյան երկրների հետ՝ սոցիոլոգը նկատեց, որ այնտեղ բնակարանները ջերմամեկուսացված են և կիրառվում են էլեկտրաէներգիայի սպառման առավել մատչելի տարբերակներ:
Ինչ վերաբերում է գների թանկացման սոցիալական հետևանքներին, Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ամենամեծ վնասը կրելու են շատ էլեկտրականություն սպառողները, սակայն փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ ունի իր հետադարձ հարվածը. «Այն ժամանակ, երբ որոշեցին գազի գինը բարձրացնել, ակնկալվող գումարը չստացան, որովհետև գազի սպառման ծավալները կրճատվեցին, այսինքն՝ սպասարկման վարձը մնում է նույնը, սպառման ծավալները նվազում են: Նույնը տեղի կունենա նաև էլեկտրաէներգիայի դեպքում, և մենք կսկսենք մի փոքր ավելի ռացիոնալ մտածել: Շուկան շատ դաժան ուսուցիչ է, և մենք պետք է դառնանք լավագույն աշակերտներ»:

Խոսելով այն մասին, որ կառավարությունը որոշել է 150 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափն ավելացնել՝ Ա. Ադիբեկյանը նշեց, որ դա բավական լուրջ աջակցություն կլինի նրանց համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բնակչության համարյա կեսն աղքատ է: Նա նշեց նաև, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կանդրադառնա նաև փոքր և միջին բիզնեսի վրա. «Այն հացն ու կարկանդակը, որ մենք առնում ենք, արդեն 5 դրամով թանկացել է, քանի որ նրանք էլեկտրականություն են սպառում: Այսինքն՝ էլեկտրաէներգիայի թանկացումը կբերի նաև այլ ապրանքների և ծառայությունների գների բարձրացմանը»:
Ամփոփելով իր խոսքը՝ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ժողովուրդն էլ պիտի իր ներդրումն ունենա պետության կայացման հարցում. «Պետությունը մեր դայակը չէ, նա մեր փոքր բալիկն է, մենք ենք նրան կերակրում, պահում, պահպանում, ոչ թե հակառակը, պետք է գտնել պետությանը աջակցելու ձևը, այլ կերպ անհնար է»:

Տեսանյութեր

Լրահոս