Նոր չափանիշներ՝ սննդի արդյունաբերության ընկերությունների համար

Սննդի արդյունաբերության 7 ոլորտների համար մշակվել են «Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի» սկզբունքների վրա հիմնված ուղեցույցներ:

Դրանք այսօր ներկայացվեցին ՀԲ խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համատեղ կազմակերպած համաժողովի ժամանակ:

ՍԱՊԾ պետ Աբրահամ Բախչագուլյանի հավաստմամբ՝ մշակված ուղեցույցները սննդամթերքի անվտանգության ոլորտում համաշխարհային չափանիշներն են համարվում: «Սա հայաստանյան արտադրողներին թույլ կտա կատարելագործել ինքնահսկման եղանակները, ինչը կբարձրացնի նրանց վարկանիշը և կնպաստի տեղական և արտաքին շուկաներում առևտրի ծավալների ընդլայնմանը»,- ասաց Բախչագուլյանը՝ նշելով, որ ՍԱՊԾ-ն ուղղորդելու է բիզնեսին, թե ինչպես ներդնել սննդամթերքի անվտանգության չափանիշները:

Բախչագուլյանը նախազգուշացրեց, որ այն ընկերությունները, որոնք չեն առաջնորդվի ուղեցույցներով և չեն պահպանի արտադրության հիգիենան, կհայտնվեն ռիսկային գոտում և նրանց մոտ առավել հաճախակի ստուգումներ կիրականացվեն:

IFC-ի կողմից ՀՀ-ում իրականացվող «Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրի ղեկավար Մայա Թևզաձեն կարևորեց այն օգնությունը, որը թույլ կտա սննդամթերք արտադրողներին լիարժեք բացահայտել իրենց ներուժը.

«Կառավարության հետ մեր համատեղ ջանքերն ուղղված են օգնելու սննդամթերքի արտադրող կազմակերպություններին կատարելագործել արտադրանքի անվտանգության ապահովման եղանակները, ինչը կհանգեցնի առևտրի ծավալների ընդլայնմանն ու եկամուտների բարձրացմանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս