Ռուսաստանը կասեցրել է Ուկրաինայից ածխի ներկրումը
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինան այլևս ածուխ չի մատակարարում Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ենթակայության տակ գտնվող ОГК-2 ընկերությունը, ով ղեկավարում է Նովոչերկասկի ՊՇԷԿ-ը, ուր և ավելի վաղ հասնում էր այդ ածուխը:
Այժմ ՊՇԷԿ-ը փնտրում է նոր մատակարար: Մատակարարումների դադարեցումը հավասարազոր է Ռուսաստան ուկրաինական ածխի արտահանման կասեցմանը, քանի որ Ռոստովի մարզում գտնվող Նովոչերկասկի ՊՇԷԿ-ը Ռուսաստանի միակ էլեկտրակայանն է, որը գնում է ուկրաինական ածուխ:
ОГК-2 ընկերության մամլո քարտուղարն ընդգծել է, որ ածխի մատակարարման պայմանագրի ժամկետն ավարտվել է այս տարվա ապրիլին, և իրենք չեն պլանավորում երկարաձգել այն:
Թերթի տվյալներով՝ Նովոչերկասկի ՊՇԷԿ-ը նախորդ տարի սպառել է մոտ 3 միլիոն տոննա ածուխ, որից Ուկրաինային է բաժին ընկել 15 տոկոսը: Մոտ 20 միլիոն դոլարի մատակարարումների այդ ծավալը կազմել է Ռուսաստան ուկրաինական ածխի ողջ արտահանումը: