Աշոտ Մանուչարյանն առաջարկում է ի պատասխան հայ զինվորի մահվան` պայթեցնել ադրբեջանական նավթամուղերը
Արդյոք կա՞ ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական լուծում կանխելու ադրբեջանական սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին: Այսօրվա ասուլիսում անդրադառնալով մեր այս հարցին` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ համաչափ պատասխանը լուծում չէ, և Հայաստանի կողմից կարող է լինել երկու պատասխան: Առաջինը, ըստ նրա, ադրբեջանական նավթամուղերին և գազամուղերին հարվածելն է, մյուսը Ադրբեջանի հայ փախստականներին ազատագրված տարածքներում բնակեցնելը:
«Ինձ համար ահավոր խայտառակություն է, գոնե հայ ժողովրդի համար ամոթ է` երբ մեր զինվորին սպանում են ադրբեջանական կողմից, և մենք էլ հպարտանում ենք, որ երկու զինվոր էլ մենք սպանեցինք: Երկու 18 տարեկան երիտասարդ էլ այնտեղ է սպանվելու, երկու մայր էլ այնտեղ է ողբալու: Հրաշք է: Իրականում այդ զինվորները, որ իրար վրա կրակում են, դրա հետ կապ չունեն: Դրա հետ կապ ունեն նավթամուղերը, գազամուղերը, դրանց տերերը և այլն: Հետևաբար, պատասխանն էլ պետք է այդտեղ ստացվի: Երկու տիպի պատասխան կա: Մեկը, երբ դուք, ի պատասխան զինվորի մահվան, պայթեցնում եք գազամուղը կամ նավթամուղը կամ խնդիրներ եք ստեղծում նրա աշխատանքի համար, այդ դեպքում, ասում եմ Ձեզ, զինվորի սպանություններն անմիջապես կդադարեցվեն»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Վերջինիս կարծիքով`կա երկու գործիք, որոնցով մեզ կառավարում են: Դրանցից մեկը հայտնի «Մադրիդյան սկզբունքներն» են, որի շրջանակներում «կողմերը երգում, պարում են», և երկրորդը գերտերությունների միջև պայքարն է:
Մանուչարյանի խոսքով` մենք պետք է կարողանանք դուրս գալ այդ շրջանակներից ու առաջարկել սեփական քաղաքականությունը: Այս համատեքստում նա առաջարկեց Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները բնակեցնել Ադրբեջանից Հայաստան եկած հայ և այլազգի փախստականներով.
«Պատկերացրեք, որ Աղդամում բնակվում են Բաքվից փախած հայերը, հրեաները, ռուսներ և այլն: Նրանք բնակվում են Աղդամում, որովհետև նրանց սպանել են Բաքվում: Այդ դեպքում և´ միջազգային հանրությունը, և´ միջազգային կառույցները պարտավորություն ունեն նրանց անվտանգությունն ապահովելու, և իրենք էլ կստեղծեն իրենց անվտանգության համակարգերը: Այդ դեպքում հակամարտությունը գալիս է իր բնական տեսքին»:
Ի դեպ, ըստ Մանուչարյանի` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցողն ավելի շատ կապված են ոչ թե հայերի և ադրբեջանցիների, այլ աշխարհաքաղաքական զարգացումների և համաշխարհային քաոսի հետ: Նա առանձնացրեց ներկայումս Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունները` Իրաքում իսլամիստական ուժերի գործողությունները, որոնք, իր համոզմամբ, ևս նպաստում են քաոսի տարածմանը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամը: Նրա կարծիքով` կան երեք ֆունդամենտալ տարածքներ, որտեղ կատարվածն արտահայտվում է մեր սահմանի վրա, և մենք 95 տոկոսով այդ պատճառով ենք կրակում իրավ վրա, այլ ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ խնդիրներ ենք լուծում իրար մեջ: Առաջինը նա անվանեց «պայքար Եվրոպայի համար», երկրորդը` քաոսի տարածումն այս տարածաշրջանում և երրորդը «Ռուսաստանի ճակատագիրը»:
Այսպիսով, Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ ինչպես Ուկրաինան, այնպես էլ Հայաստանը և Ադրբեջանը գործիք են գերտերությունների շահերի սպասարկման համար, քանի որ ո´չ Հայաստնի, ո´չ էլ Ադրբեջանի ղեկավարները երբեք ինքնուրույն որոշում չեն կայացնում:
«Չզարմանաք, եթե վաղը Հայաստանում քաոս սկսվի կամ պատերազմական տիպի գործողություններ կամ Ադրբեջանում իսլամական տարրերը կտրուկ ակտիվանան, և քաոսատիպ իրադարձություններ սկսվեն նաև Ադրբեջանում, ուրեմն իմացեք` սա ոչ թե այն է, որ մեր մեջ ինչ-որ բան տեղի ունեցավ, այլ որովհետև, ասենք, Ռուսաստանին հասցվում է մի նոր հարված կամ քաոսի տարածաշրջանն ընդլայնվում է, և, օրինակ, Թուրքիան և Ադրբեջանն ընդգրկվում են այդ տարածքի մեջ»,- նշեց քաղաքական գործիչը:
Անդրադառնալով հարցադրմանը, որ ադրբեջանական սադրանքները վերջին շրջանում իրականացվում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման ֆոնի վրա, Մանուչարյանն ասաց, թե Ռուսաստանը, ելնելով 25-ամյա փորձից, ինքն է սկսել կիրառել «ամերիկյան գործիքները» և ԱՄՆ-ի պես փորձում է բոլորին ժպտալ, բոլորին սիրաշահել ու բոլորի հետ լավ լինել: