Ֆիննախը քննարկումներ է անցկացել ավելի քան 1000 գործարարների հետ
ՀՀ վարչապետի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորած մի շարք ուղղություններով իրականացման ենթակա միջոցառումների շրջանակներում, ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, առանձնացվել են ռիսկային ոլորտներ, ինչպես նաև յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները` հաշվի առնելով տվյալ ոլորտում կոնկրետ կազմակերպությունների ունեցած դերակատարությունը: Տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու, բիզնեսի կողմից ագրեսիվ հարկային պլանավորման փորձերի, ստվերային գործունեության կրճատման նպատակով հարկ վճարողներին առաջարկվել է բարելավել հատկապես նշված ցուցանիշները.
• փաստաթղթաշրջանառություն (էլեկտրոնային և թղթային հարկային հաշիվների կառուցվածք, հարկային հաշիվների քանակ, գնային քաղաքականություն),
• հարկային բեռ (մաքսային արժեքի և շրջանառության նկատմամբ),
• շահութահարկ, շահութաբերություն,
• աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների իրական մեծության հայտարարագրում, աշխատողների թվաքանակի ճշտում:
Արդյունավետ հսկողություն սահմանելու միջոցով նպատակ է դրվել նպաստավոր պայմաններ ստեղծել հավասար տնտեսական հնարավորությունների ապահովման գործում, աջակցել կարգապահ հարկ վճարողներին: ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման նպատակով նախարարության և բիզնեսի տարբեր ճյուղերի ավելի քան 1000 ներկայացուցիչների միջև մայիսի 22-ից հունիսի 13-ը տեղի ունեցած ոլորտային հանդիպումների ժամանակ քննարկվել են յուրաքանչյուր ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջադրվել են լուծման կոնկրետ ուղղություններ: Հարկային (տարածքային) տեսչություններին հանձնարարվել է իրականացնել առանձնացված հարկ վճարողների իրազեկման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նաև կազմակերպել անհատական հանդիպումներ` առաջադրված խնդիրներն առավել հանգամանորեն վերանայելու և կարգավորելու նպատակով: Կանոնակարգվել է աշխատանքների ամփոփման և արդյունքների գնահատման, հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու գործընթացը:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, հուլիս և հետագա ամիսների ընթացքում հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշների ու իրականացված հսկողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կտեղադրվի հարկային ծառայության պաշտոնական կայքում:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին