Բաժիններ՝

Բաժանորդների 11%-ը անորակ էլեկտրաէներգիա է ստանում. ՀԷՑ-ի ղեկավար

«Էներգետիկ համակարգում աշխատում է 150 ընկերություն, ՀԷՑ-ը բավականին լուրջ զբաղվում է մոնիթորինգով, իրավիճակի վերլուծությունով և հասկանում ենք, որ ծառայությունների որակը բավարար չէ»,- այսօր ՀԾԿՀ նիստում հայտարարեց ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինը:

Նա նշեց, որ մշակվել է ներդրումային ծրագիր, բայց այդ ծրագիրն իրականացնելու համար հարկավոր են ներդրումներ, ներդրումների համար հարկավոր են ֆինանսական միջոցներ, այսինքն՝ պետք է սակագինը վերանայել:

«Մուտքերի սպասարկման և մյուս ծառայությունների որակի բարձրացումը ներդրումներից է կախված, ինչը կազդի սակագնի վրա»,- ասաց Բիբինը` ավելացնելով, որ  բաժանորդների 11%-ը անորակ էլեկտրաէներգիա է ստանում։

 

«Մեկ տարում շուրջ 40% հոսանքի թանկացումն անթույլատրելի է և այսօր ֆիանսական միջոցների սղությունը բավարար պատճառ չէ, որ հարցին կողմ քվեարկեք: Խնդիրը շատ ավելի լուրջ է՝ երկրի դեմոգրաֆիան և անվտանգությունը»,- այսօր ՀԾԿՀ նիստում էլէներգիայի թանկացման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա բերեց գազի օրինակը, որ նախզգուշացրեց, որ թանկացման դեպքում ՀԷՑ-ը ամեն տարի 5% սպառողների կորուստ է ունենալու և խնդիրներն ավելի են խորանալու. «Այս պահին պետք է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշում կայացնեք՝ գնալ թանկացման սպառողների կորցնելու վտանգի ներքո, թե այլ միջոցներ գտնեք, որպեսզի սպառողներ չկորցնեք: Հետաձգեք հարցը՝ լուրջ ուսումնսիրելու համար: Մի քվեարկեք հարցը: Դա պահանջում է հնգյակը»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե սակագինը փոփոխելու որոշումն ամեն ամիս ուշացնելու վտանգը ինչպիսի՞ն է և լսելով պատասխան՝ 1.5 մլրդ դրամ, հայտարարեց, որ այնուամենայնիվ այս հարցում կոնսենսուս է պետք. «Իհարկե, պետությունը կարող է սեղմել կոճակը, բայց հետևանքները լավ չեն լինի: Պետք է կոնսենսուս լինի: Պետք է կանգառ տալ, լսել հանրության ձայնը»:

Հանրային խորհրդի ներկայացուցիչ Արշակ Սադոյանի խոսքով՝ ՀԾԿՀ աշխատանքի շնորհիվ անընդհատ կորում է ՀՀ ձեռնարկությունների շահութաբերությունը. «Ձեր գործունեության արդյունքում ՀՀ ընկերությունները վնաս են կրում, իսկ ոչ ՀՀ ընկերությունների շահույթն ապահովվում է»:

Նիստին ներկա ակտիվիստ Կարեն Վարդանյանը նախազգուշացրեց, որ թանկացման մասին որոշում ընդունելու դեպքում գերվտանգավոր նախադեպ է ստեղծվում և, եթե վաղը որևէ կայանում որևէ բան լինի, նորից հավաքվելու են ու քննարկեն հոսանքի թանկացման խնդիրը:

«Դեմ են թե՛ հանրությունը, թե՛ պատգամավորները…»,- Վարդանյանի այս խոսքն ընդհատեց Ռոբերտ Նազարյանը՝ խնդրելով նաև ՀԾԿՀ անդամներին ավելացնել: Նույնը խնդրեցին լրագրողներն անել: «Տեսնում եք, ունենք 100%-անոց կոնսենսուս: Հետաձգեք հարցի քննարկումը»,- արձանագրեց ու կոչ արեց Վարդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս