«Լավատես դիվանագետներին խրամատն է պակասում». «Ժողովուրդ»

««Հիշում եք՝ հունիսի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն հրաժարվում է Արցախի սահմանին մոնիթորինգ իրականացնել, քանի որ այն վտանգավոր է իրենց թիմի անդամների կյանքի համար»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Այսինքն՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա անկանխատեսելի իրավիճակն անհանգստացրել էր նաև ԵԱՀԿ ներկայացուցչին: Ու փոխանակ այս ազդակին ականջալուր լինելու, երեկ ՀՀ-ում Ամերիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը «Ամերիկայի ձայն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է.

«Ներկայում շատ աննշան առաջընթաց կա բանակցություններում»: Թե ինչ առաջընթացի մասին է խոսում դեսպան Հեֆերնը, դժվար է ասել, որովհետև հրադադարի ռեժիմի խախտումները դարձել են սովորական երևույթ, ադրբեջանական դիպուկահարները կրակում են ե՛ւ ԼՂՀ-ի, ե՛ւ ՀՀ-ի սահմանի ողջ երկայնքով:

Սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, փոխանակ կատարվածին գնահատական տալու, խոսում է ինչ-որ առաջընթացի մասին՝ թերևս հետ չմնալով իր գործընկերոջից՝ ՌԴ դեսպան Վոլինկինից, ով Նախիջևանի սահմանին տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ ջայլամի պահվածք էր ընդունել, թե ինքը ոչնչից տեղյակ չէ:

Դե իհարկե, Մոսկվան ավելի կարևոր հարցեր ունի Հայաստանում լուծելու, քան ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Մեզ մնում է հիշատակել Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանի խոսքերն այն մասին, որ «եթե մարդ կա, որ չի լսում կրակոցները, անձամբ կարող եմ ուղեկցել, որ ոչ թե միայն լսի, այլև տեսնի»»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս