Բաժիններ՝

«Պարոն Աղաբաբյանին հակադարձելու հիմք և պատճառ չունեմ և ներողություն եմ խնդրում թյուրըմբռնման և շահարկումներից խուսափելու համար». ԳԱԼԱ

Սույն թվականի հունիսի 21-ին ԱԺ մուտքի մոտ տեղի էր ունեցել բողոքի ակցիա Կուտակային կենսաթոշակային օրենքի փոփոխված տարբերակի խախտումներով ընդունման դեմ, որի ընթացքում պաշտոնատար անձանց ուղղությամբ նետվել էր մանրադրամ՝ ընդգծելու համար ընդունված օրենքի էության անընդունելիությունը: Ակցիայից անմիջապես հետո «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն տարածեց, որով դիմում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ նշելով, որ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հայհոյել է ակտիվիստներին եւ պետք է ներողություն խնդրի:

Նախաձեռնության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ պատգամավորը դուրս է եկել ԱԺ-ից եւ հանդիպելով «Դեմ եմ»-ի երիտասարդներին՝ հայհոյել է նրանց, ի պատասխան երիտասարդները սկսել են մանրադրամներ շպրտել պատգամավորի ուղղությամբ:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում, սակայն, Աշոտ Աղաբաբյանը այլ բան վստահեցրեց. նա սկզբում ասաց, որ իր համար տհաճ է, երբ հայկական դրամի հետ անվայելուչ ձեւով են վերաբերվում, դրա համար զայրացել եւ հայհոյել է: Հետո ասաց, որ այդ հայհոյանքը ինքը հասցեագրել է ոչ թե երիտասարդներին, այլ նրանց խորհրդատուներին:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանը դիմել է ԳԱԼԱ-ի խմբագրություն՝ ցանկություն հայտնելով պատասխանել ՀՀԿ-ական պատգամավորին և իր հերթին պարզաբանումներ տալ, քանզի ինչպես նշում է ակտիվիստը, թյուրըմբռնում է տեղի ունեցել: Ստորև ներկայացնում ենք «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի պատասխանը.

«Հարկ է ընդգծել, որ նշված գործողությունը ուղղված չի եղել կոնկրետ անձերի դեմ, այլ կրել է զուտ խորհրդանշական բնույթ՝ կապված օրենքի և դրա ընդունման գործընթացի հետ: Սակայն, ցավոք սրտի, թյուրըմբռնումներից խուսափել հնարավոր չեղավ, և ԱԺ պատգամավոր Ա. Աղաբաբյանի կողմից հնչեցվեց ոչ վայելուչ արտահայտություն, ինչն այդ պահին ընկալվեց որպես ցուցարարներին ուղղված վիրավորանք, ինչին հետևեց հակադարձում անձամբ իմ կողմից, որ եթե այդ վիրավորանքն ուղղված է ցուցարարներին, ապա նույնությամբ վերադարձնում ենք պրն Աղաբաբյանին: Սակայն պրն Ա. Աղաբաբյանը մամուլում պարզաբանեց, որ դա ուղղված է եղել ոչ թե ցուցարարներին, որոնց մեջ կային նաև կանայք ու աղջիկներ, այլ իրենց խորհրդատուներին: Քանի որ «ԴԵՄ եմ»-ի ցույցերն ու ակցիաները որևէ անձի կամ ուժի միջոցով չեն ուղղորդվում, հետևաբար և պրն Աղաբաբյանին հակադարձելու հիմք և պատճառ չունեմ և ներողություն եմ խնդրում թյուրըմբռնման և հետագա հնարավոր շահարկումներից խուսափելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս