Ունեզրկված գործարարը պահանջում է հարցաքննել Տիգրան Սարգսյանին. «Ազատություն»
Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պահանջում է, որ օֆշորային հայտնի գործով հարցաքննվի նաև նախկին վարչապետ, այժմ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: «Ազատության» հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը փոխանցեց, որ գործը քննող քննիչն իրեն ասել է, թե Վրաստանից Հայաստան տեղափոխված նախկին գործարար Աշոտ Սուքիասյանն այժմ հարցաքննվում է, և երբ գործը հասնի առերեսման՝ իրեն նույնպես կհրավիրեն:
Սակայն ունեցվածքն ամբողջությամբ կորցրած 78-ամյա Հայրապետյանը պահանջում է, որ Աշոտ Սուքիասյանից բացի հարցաքննվի նաև նախկին վարչապետը, քանի որ հենց նրա օգնությամբ է «Ամերիա» բանկը Աշոտ Սուքիասյանին 12 միլիոն դոլարի վարկ տվել, ինչի դիմաց էլ Հայրապետյանը գրավադրել էր իր ողջ ունեցվածքը: Բանկը բիզնես ծրագիր է կազմել, ըստ որի Աշոտ Սուքիասյանին պատկանող հանքում 10 մետր խորության վրա առկա են 10 հազար տոննա ոսկի և մոտ 10 միլիոն կարատ ադամանդ, ինչի արդյունահանման վրա էլ պետք է ծախսվեին վարկային գումարները: Սակայն Փայլակ Հայրապետյանը հետագայում հասկացել է, որ իրեն խաբել են և որ նման հանքեր անգամ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չունեն:
«Իմ պահանջը՝ որպես տուժող, բոլորը պետք է հարցաքննվեն, և ես բոլորի հետ առերեսման նստեմ։ Դեսպանին էլ թող հրավիրեն, գա, տենց դեսպաններ են գնացել ու եկել։ Ուզում եմ հարցաքննվեն, որովհետև գումար են տվել Աշոտ Սուքիասյանին, իսկ դա եղել է վարչապետի օգնությամբ, վարչապետն է ասել, որ տվել են։ Եթե վարչապետը չասեր, չերաշխավորեր, էդ գումարները չէին ստանա, մենք էլ էս օրը չէինք ընկնի»,- ասաց Հայրապետյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: